211652_close_icon
views-count1715 դիտում article-date 12:17 08-07-2021

Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդիրը շարունակում է մտահոգիչ մնալ․ ՄԻՊ

Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը շարունակում է մտահոգիչ մնալ` չնայած դրա դեմ պայքարին ուղղված քայլերը վերջին տարիներին դրական տեղաշարժ են արձանագրել։
Խնդրի առկայության մասին են վկայում Մարդու իրավունքների պաշտպանի տարբեր տարիների գործունեության հաղորդումներն ու զեկույցները:
Կանանց նկատմամբ խտրականության դրսևորում է, երբ երեխայի սեռը պարզելու դեպքում հղիությունն ընդհատվում է՝ աղջիկների փոխարեն նախապատվություն տալով տղա երեխաներին:
Ուսումնասիրությունները վկայում են, որ խնդրի պատճառները խորքային ու տարբեր են, սակայն, որպես գործոն` նման խտրական որոշման կայացման վրա կարող են ազդել, օրինակ, հասարակությունում ավանդաբար հաստատված սեռերի նկատմամբ պատկերացումները, արու զավակ ունենալու նախապատվությունը կամ կանանց դերի վերաբերյալ կարծրատիպային մոտեցումները:
Ավելին, որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ առկա են դեպքեր, երբ իգական սեռի երեխա ունենալու դեպքում կնոջ համար ընտանիքում կարող են առաջ գալ խնդիրներ՝ նրան հաճախ մեղադրելով տղա երեխա չունենալու համար: Քննադատական այս մոտեցումը կարող է հանգեցնել նրան, որ կանայք ևս ձգտեն տղա ունենալ՝ ղեկավարվելով «ընտանիքում շահեկան դիրք ունենալու», «կարգավիճակն ամրապնդելու» և «ապագայի համար կայունության երաշխիք ունենալու» պատկերացումներով:
Մեկ այլ խնդիր է, որ երբեմն սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման որոշումը կանայք ինքնուրույն չեն կայացնում. նրանք այդ քայլին կարող են դիմել ընտանիքի անդամների ճնշումների, նույնիսկ՝ հարկադրանքի ներքո:
Հայաստանում կանանց և տղամարդկանց սեռերի հարաբերակցության շեղումը սկսել է նկատվել դեռևս 1991 թվականից, իսկ 2000 թվականին այն հասել է մինչև 120 տղա - 100 աղջիկ հարաբերակցության այն դեպքում, երբ նման հարաբերակցության համար սահմանված նորման կազմում է 102-103 տղա - 100 աղջիկ հարաբերակցությունը:
ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ 2008-2012 թվականների ժամանակահատվածում ծնվածների մեջ աղջիկ-տղա հարաբերակցության միջին ցուցանիշը կազմել է 100-115, 2014 թվականին` 100-113,4, 2015 թվականին` 100-112,7, 2016 թվականին` 100-111,9, 2017 թվականին` 100-109.8, 2018 թվականին` 100-111, 2019 թվականին` 100-110, իսկ 2020 թվականին` 9 ամսում` 100-111,3:
Վիճակագրական տվյալները վկայում են խնդրի առկայության մասին, որը հատկապես ընդգծվում է երրորդ երեխայի դեպքում:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` 2020 թվականի Հայաստանի ժողովրդագրական տվյալների՝ սեռերի հարաբերակցության գործակիցն, ըստ ծննդի կարգի՝ առաջին երեխայի դեպքում 1.04 է, երկրորդի դեպքում՝ 0.07, երրորդի երեխայի դեպքում՝ 1.27, չորրորդ երեխայի դեպքում՝ 1.26:
Սեռերի հարաբերակցության գործակիցների համեմատական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրական տեղաշարժ կա հատկապես երկրորդ երեխայի պարագայում, առաջին երեխայի դեպքում ցուցանիշը մնացել է անփոփոխ, հաջորդ երեխաների դեպքում հարաբերակցության գործակիցները նախորդ տարվա համեմատությամբ դրական զարգացում են ունեցել, 1.40 կամ 1.32 գործակցից նվազելով 1.27 և 1.26-ի, սակայն խնդիրն այդ պարագայում ևս շարունակում է մնալ առկախված՝ պահանջելով լրացուցիչ ջանքեր:
Չնայած աշխատանքների իրականացմանը՝ խնդիրը համակարգային առումով դեռևս լուծված չէ:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խնդիրը կարող է լատենտային բնույթ ստանալ, ինչպես
նաև մասնագետները նշում են, որ արդեն հնարավոր է պտղի սեռը որոշել առավել վաղ ժամկետներում՝ հաշվի առնելով բժշկական տեխնոլոգիաների զարգացումը:
Ստացվում է, որ օրենսդրական կարգավորումներով սեռով պայմանավորված 12-ից մինչև 22 շաբաթական հղիության արհեստական ընդհատման արգելքի սահմանմամբ կամ միայն հանրային իրազեկմանն ուղղված աշխատանքների իրականացմամբ չեն կարող սահմանափակվել խնդրի լուծմանն ուղղված քայլերը:
Խնդրի դեմ պայքարի նպատակով համալիր միջոցառումներ պետք է իրականացվեն՝ ուղղված խորքային պատճառների վերացմանը:
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրի դեմ պայքարը և դրա կանխարգելումը անհրաժեշտ է համադրել կանանց կարողությունների զարգացման, որոշումների կայացման ազատության և այլ
իրավունքների մասին իրազեկելու, ինչպես նաև բուժաշխատողների նկատմամ վերահսկողության
ուժեղացման նպատակով իրականացվող միջոցառումների հետ:

Մանրամասները Տարեկան հաղորդման մեջ՝ https://ombuds.am/.../883f55af65e3c33553139031c7ac0ce6.pdf

Նմանատիպ նյութեր