211652_close_icon
views-count1424 դիտում article-date 23:36 16-11-2022

Հայաստանում շարունակում է մտահոգիչ մնալ սեռով պայմանավորված հղիության ընդհատումների ցուցանիշը

Հայաստանում նորածինների սեռային անհամամասնությունը ակնհայտորեն աճել է դեռ 1990-ականներին:  100 աղջկա հաշվով մեր երկրում ծնվել է 110 մինչև 115 տղա, մինչդեռ աշխարհում նորածինների սեռերի համամասնության բնական ցուցանիշը համարվում է 105 տղայի հաշվով 100 աղջկա ծնունդը: Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով վերջին տարիներին  սեռային անհամամասնության կրճատման միտում է նկատվել:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ, ՕքսեՋեն  հիմնադրամը և Բրևիս հետազոտական ընկերությունը համատեղ հետազոտություն են անցկացրել Հանրապետության գյուղական ու քաղաքային բնակավայրերում:

«Առաջին անգամ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը անդրադարձ արեց այս խնդրին 2017 թվականին, երբ համամասնությունը կազմում էր  114 տղայի դիմաց 100 աղջկա ծնունդը։ Պետք է նշել, որ անցյալ տարվա  դրությամբ այս ցուցանիշն ակնհայտորեն նվազել է՝ 108,8 տղայի դիմաց ծնվել են 100 աղջիկ։ Ինչպես տեսնում եք նորմայից շատ հեռու է »,- նշում է ՄԱԿ-ի  բնակչության հիմնադրամի պտղի սեռով պայմանավորված խտրական  ծրագրի համակարգող  Զարուհի Տոնոյանը։

Իսկ ինչով է բացատրվում մեր երկրում սեռով պայմանավորված հղիության ընդհատումների բարձր ցուցանիշը։ Խորքային խնդիրների բացահայտմանն  են ուղղված եղել այս տարվա հունիսին Հայաստանի բոլոր մարզերում ու Երևանում  կատարված հետազոտությունները, որոնք անցկացվել են 1920 կանանց շրջանում, որոնք գոնե մեկ անգամ ունեցել են հղիություն:

«Օրինակ, Գեղարքունիքի մարզում, եթե 75%-ը 2017 թվականին   նախապատվություն էր տալիս  երկու սեռերին էլ, ապա 2022 թվականի  տվյալներով այն հիմա կազմում է  60%։ Այս տվյալներն ունենք  բոլոր մարզերում և բոլոր մարզերում էլ  նվազման միտումը գրանցված է՝ ի հաշիվ  տղաների  կամ աղջիկների նախապատվության ավելացման»,-   նշում է ՕքսեՋեն հիմնադրամի ծրագրերի ղեկավար Կարեն Այվազյանը։

Պտղի սեռի խտրական վերաբերմունքով առանձնանում են հատկապես գյուղական բնակավայրերը, այստեղ դեռ տղա երեխա ունենալուն են նախապատվություն տալիս ընտանիքները, երբեմն՝ կնոջ կամքին հակառակ: Այս առումով Շիրակի մարզը համարվում է թիրախայիններից մեկը, որտեղ տարեկան ծնված տղաների թիվը գերազանցում է աղջիկ երեխաների հարաբերակցության սահմանված  նորմը:

Ընտանիքներում տղա երեխա ունենալու ցանկությունը հարցվածները տարբեր կերպ են հիմնավորել։ Երկու սեռերի համամասնությունը պահպանվում է հիմնականում նորաստեղծ ու  երիտասարդ ընտանիքներում, բայց երբ ծնվում են երրորդ և հաջորդ երեխաները, այս դեպքում վիճակագրական պատկերը փոխվում է:

Դեմոգրաֆիական խնդիրը կարգավորելու համար ներդրվել է  պտղի սեռի խտրական վերաբերմունքի կանխարգելման 2020-23 թվականների ազգային գործողությունների ծրագիր, զուգահեռ քրեականացված են հղիության արհեստական ընդհատումները, բայց ոլորտը վերահսկելու մեխանիզմները կարծես թե բավարար չեն: Պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների վիճակագրություն Հայաստանում չկա, քանի որ ենթադրելի է, որ հղիության արհեստական ընդհատումներ երբեմն կատարվում են տարբեր հիմնավորումներով:

«Այստեղից զտել ու հասկանալ, թե որքան են կազմում  այն արհեստական ընդհատումները, որոնք պտղով են պայմանավորված, դժվար է, որովհետև դուք նաև չեք իմանում դրա մասին, երբ որ կինը գալիս է արհեստական ընդհատման։ Ինքը կարող է ձեզ ասել մեկ այլ պատճառ, բայց պատճառը կարող է լինել այլ և շատ դժվար է ստատիստիկան զտել»,- նշում է Զարուհի  Տոնոյանը։

Սեռով պայմանավորված հղիության ընդհատման դեպքերը նվազեցնելու, սեռերի համամասնության ցուցանիշը բարելավելու ուղղությամբ մշակվում են  գործողությունների փաթեթներ, որոնցում ակտիվ ներգրավածություն կունենան կրթական ու առողջապահական ոլորտների ներկայացուցիչները: Նախատեսվում է  բնակչության շրջանում կարծրատիպերը կոտրելու նպատակով սկսել տեղեկատվական արշավներ, նաև նախաձեռնել օրենսդրական որոշ փոփոխություններ ու լրամշակումներ:

 

Նմանատիպ նյութեր