211652_close_icon
views-count2153 դիտում article-date 09:38 17-07-2021

Տեսնելով Հայաստանի իշխանությունների ապիկարությունը՝ թշնամու ախորժակն ավելի է բացվել․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Թվում էր, թե հունիսի 20-ի ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակի փոփոխություն պետք է լինի, բայց իշխող ուժի վերարտադրությունը հօդս ցնդեցրեց այդ հույսերը։ Եվ այս իրողությունը վերաբերում է ոչ միայն ներքաղաքական պայքարի տրամաբանությանը, այլ անմիջականորեն շոշափում է նաև հայկական պետականության պահպանման հարցը։ Իսկ մինչ իշխանությունները ընդդիմադիր համայնքապետներին ձերբակալելով ու շոուներ սարքելով են զբաղված՝ թշնամի երկրում հետևություններ են անում Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից ու տեղի ունեցող գործընթացներից։ Դրա համար էլ Ալիևն սկսել է կրկին հոխորտալ Հայաստանի ու Արցախի հասցեին և, ուլտիմատումներով խոսելով, բացահայտում է իր ապագա պլանները։

Ուշագրավ է, որ Ալիևը ոչ միայն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսում, այլև բացահայտ հայտարարում է Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների մասին՝ վստահեցնելով, թե իրենք կվերադառնան իրենց «հայրենի հողեր»՝ Զանգեզուր, Սևան, Երևան: Այս համատեքստում էլ Ադրբեջանի նախագահը Արցախյան հիմնահարցը փակված է համարում և անգամ չի բացառում նոր պատերազմի հավանականությունը։ Արդյո՞ք պատահական է, որ Ալիևը հոխորտում է այնպիսի պայմաններում, երբ գրեթե ամեն շաբաթ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են տեղի ունենում։ Հազիվ թե:

Ընդ որում, թուրք-ադրբեջանական համագործակցությունը կառուցվում է ոչ միայն երկկողմ, այլև եռակողմ ու անգամ բազմակողմ ձևաչափով, երբ դրան մասնակցում են նաև այլ երկրների ներկայացուցիչներ։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե այդ զորավարժությունները հենց այնպես կամ միայն ուժի ցուցադրության համար են իրականացվում, ապա սխալվում է։ Անցած տարվա հուլիսյան մարտերից անմիջապես հետո թուրք-ադրբեջանական զորավարժությունների շքերթ սկսվեց, սակայն մեզ մոտ բարձրաստիճան պաշտոնյաներ կային, որոնք հավաստիացնում էին, թե Թուրքիան չի միջամտի հայ-ադրբեջանական կոնֆլիկտին։ Արդյունքում տեսանք, որ Թուրքիան ոչ միայն միջամտեց հակամարտությանը, այլև իր բաժինն է ցանկանում ստանալ Ադրբեջանի հաղթանակից։ Հայաստանում, կարծես թե, ամբողջությամբ չի ընկալվում թուրք-ադրբեջանական սպառնալիքը, կամ գուցե ցանկություն չկա հասկանալու, կամ գուցե հասկանում են, բայց... այդպես է պետք։ Ցավալի է, բայց փաստ, բայց թշնամու զորքերն արդեն 2 ամիս է, ինչ գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում և չեն էլ պատրաստվում հեռանալ։ Իսկ Փաշինյանը միայն հայտարարում է այն մասին, թե հայկական ու ադրբեջանական զորքերը հայելային կերպով պետք է դուրս բերվեն սահմանից։ Բայց նրա հայտարարությունների հետ ինչո՞ւ պետք է Ադրբեջանը հաշվի նստի։

Չէ՞ որ Հայաստանում կարծես թե արդեն համակերպվել են արբեջանական զորքերի ներկայության հետ։ Այլապես հարցը տարբեր միջազգային հարթակներում կբարձրացնեին։ Մինչև հիմա հարցական է, թե ինչո՞ւ խնդիրը չի բարձրացվում, օրինակ՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և այլ խողովակներով։ Եթե մերժեն էլ, նորից կարող են բարձրացնել ու խնդրին նաև հատուկ միջազգային հնչեղություն հաղորդել։ Հենց այս հանգամանքն է, որ հանրության շրջանում կասկածների տեղիք է տալիս։ Բայց միայն ՀԱՊԿ-ին դիմելուց ու մերժում ստանալուց հետո իշխանությունները կարծում են, թե բավարար քայլեր ձեռնարկել են, իսկ հիմա իրենցից պահանջվում է միայն սպասողական դիրք որդեգրելը։ Ու այս համատեքստում էլ Փաշինյանը հայտարարում է, թե «Հայաստանը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»։

Սա պարզապես ամոթ ու խայտառակություն է: Ինչ վիճակի է հասցրել մեր երկիրը Նիկոլ Փաշինյանը, որ նշյալի մասին ամենաբարձր մակարդակով բարձրաձայնելու խնդիր կա։ Այսինքն, խոսվում է մի բանի մասին, որն ինքնըստինքյան ոչ միայն բնական պետք է լինի, այլև ընդհանրապես քննարկման ոչ ենթակա: Եթե նախկինում խոսում էինք Հայաստանի՝ Արցախի անվտանգության երաշխավորը լինելու մասին, իսկ Հայաստանի մասին խոսելն անհեթեթ կթվար, ապա այսօր արդեն կշեռքի նժարին դրված է ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցը, և այդ մասին խոսում է երկրի փաստացի ղեկավարը, ինչը, շատերի համոզմամբ, կարող է ենթադրել նոր «զարգացումների» նախապատրաստում։ Ի վերջո, խայտառակ պարտության բերած պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանը համանման հայտարարություններ էր անում Արցախի առումով:

Ի վերջո, տեսնելով Հայաստանի իշխանությունների ապիկարությունը՝ թշնամու ախորժակն ավելի է բացվել։ Հայկական կողմն ինչքան շատ զիջումների է գնում, այնքան ադրբեջանական պահանջները գնալով աճում են։ Ու այս պայմաններում երբեք չպետք է բացառել, որ արդեն կարող են ՀՀ տարածքի խորքերը ներխուժելու փորձեր ձեռնարկվել։ Իսկ Փաշինյանն ու իր թիմը, լավագույն դեպքում, կորցրել են իրականության հետ կապը և դեռևս շարունակում են խոսել հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորության մասին։ Իսկ ընդհանրապես, այստեղ հարցականները շատ են, շատ-շատ...»։։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Նմանատիպ նյութեր