211652_close_icon
views-count4253 դիտում article-date 12:39 30-07-2021

Նախադեպը չունեցող միջոցառման արդյունքում 45 մլն դոլարի հերոին է հայտնաբերվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2021 թվականի հուլիսի սկզբին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն օպերատիվ տեղեկություն է ստացվել առ այն, որ Իրանից Եվրոպական միության երկրներ հերոին տեսակի թմրամիջոցի ապօրինի փոխադրմամբ զբաղվող անդրազգային կազմակերված հանցավոր խմբի կողմից նախատեսվում է Հայաստանի Հանրապետության, Վրաստանի և Ուկրաինայի տարածքներով տարանցիկ տեղափոխել հերոին տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը:

Պետական եկամուտների կոմիտեում որոշում է կայացվել իրականացնել տարածաշրջանում նախադեպը չունեցող և առաջին անգամ իրականացվող միջոցառում` միջազգային վերահսկելի մատակարարում: Կայացված որոշման մասին, Հայաստանի Հանրապետության մաքսային կարգավորման մասին օրենքի 256-րդ հոդվածին համապատասխան, անհապաղ տեղեկացվել է ՀՀ գլխավոր դատախազը:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ուկրաինայի և Վրաստանի ոստիկանությունների հետ 24-ժամյա օպերատիվ-հետախուզական միջոցառումների համատեղ իրականացման վերաբերյալ: Օպերատիվ-հետախուզական աշխատանքներին ներգրավվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: Վերջիններիս իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-տեխնիկական միջոցառումների արդյունքում թմրանյութ տեղափոխող բեռնատարը ՀՀ տարածքով տարանցիկ անցնելու ամբողջ ընթացքում գտնվել է իրավապահների տեսադաշտում:

Միջոցառման իրականացման գործում մասնակցությունն են ունեցել նաև ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցներն ու ԱՄՆ-ի արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության` Թբիլիսիիում տեղակայված տարածաշրջանային գրասենյակը: Շուրջ 20 օր տևած օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում Վրաստան, իսկ այնուհետև Ուկրաինա է գործուղվել նաև Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ներկայացուցիչը:

2021 թվականի հուլիսի 4-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած 20 տոննա քաշով հրակայուն աղյուս տեղափոխող բեռնատարը, որը համաձայն ստացված օպերատիվ տեղեկության, պետք է փոխադրելիս լիներ հերոին տեսակի թմրամիջոց, Հայաստանի, Վրաստանի, իսկ այնուհետև Ուկրաինայի իրավապահ մարմինների օպերատիվ ուղեկցման ներքո Հայաստանի Հանրապետության և Վրաստանի տարածքներով ուղևորվեց Փոթիի նավահանգիստ, որտեղից էլ նավով` Ուկրաինայի Չեռնոմորսկ նավահանգիստ, ուր հասնելուն պես տրանսպորտային միջոցը մեկնել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև:

Անդրազգային կազմակերպված հանցավոր խմբի անդամներ հանդիսացող Թուրքիայի Հանրապետության 2 քաղաքացու կողմից Կիևում վարձակալվել է պահեստ: Որպես թմրամիջոցի թաքստոց, մաքսազերծումից հետո հենց այդ պահեստ է տեղափոխվել, բեռնաթափվել ու պահեստավորվել օգտագործված ապրանքը: Հուլիսի 22-ին Ուկրաինայի իրավապահ մարմինները, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Վրաստանի ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ մուտք են գործել Կիևում գտնվող պահեստ, որտեղ հայտնաբերվել է Իրանից Ուկրաինա տեղափոխված` 368 կգ ընդհանուր քաշով հերոին տեսակի թմրամիջոցի 1164 փաթեթ:

Նույն օրը Կիևում ձերբակալվել են Թուրքիայի վերոնշյալ քաղաքացիները: Հայտնաբերված թմրամիջոցը նախատեսվում էր փոքր խմբաքանակներով առաքել Եվրոպական միության երկրներ: Ուկրաինայի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության 2 քաղաքացիները ձերբակալվել են: Այս քրեական գործի շրջանակներում մի քանի օր անց Կիևում ձերբակալվել է նաև Թուրքիայի մեկ այլ` 1948թ. ծնված քաղաքացի: Այս պահին իրականացվում է նախաքննություն:

Հայտնաբերված թմրամիջոցի արժեքը սև շուկայում հասնում է մոտ 45 միլիոն ԱՄՆ դոլարի: Միջազգային վերահսկելի մատակարարումը Միավորված ազգերի կազմակերպության «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» կոնվենցիայի 11-րդ հոդվածով նախատեսված միջոցառում է, որն իրականացվում է բոլոր այն երկրների իրավապահ մարմինների միջև համաձայնություն ձեռքբերվելու պարագայում, որոնց տարածքներով նախատեսվում է տեղափոխել թմրամիջոցը: Այս միջոցառման գլխավոր նպատակն է հայտնաբերել և օրենքի առջև պատասխանատվության ենթարկել թմրամիջոցների միջազգային ապօրինի շրջանառության մեջ ներգրավված անձանց հնարավորինս մեծ շրջանակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր