211652_close_icon
views-count2145 դիտում article-date 11:38 09-08-2021

ՌԴ խաղաղապահներն ապահովել են Ասկերանի բնակիչների անվտանգությունը ցորենի բերքահավաքի ժամանակ. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինվորականներն ապահովել են Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի բնակիչների անվտանգությունը կողմերի սահմանազատման գծի մոտ հացահատիկային մշակաբույսերի հավաքման ժամանակ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Այսօրվա նպատակը բերքահավաքի անվտանգության ապահովումն է: Մաքրման աշխատանքներն իրականացվում են Ասկերանի շրջանում և կիրականացվեն մեկ շաբաթվա ընթացքում: Այդ աշխատանքներն իրականացվում են շփման գծի մոտակայքում, ուստի մեր ներկայությունն անհրաժեշտ է»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իգոր Սերգեևը:

Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում ցորենի բերքահավաքը սկսվել է ուշացումով՝ ռուս սակրավորների կողմից գյուղատնտեսական նշանակության հողերի՝ պայթուցիկ նյութերից մաքրումից և չպայթած զինամթերքի ականազերծումից հետո:

«Ցորեն ենք հավաքում, տարածքները շատ չեն, բայց ինչ կա, այն էլ մշակում ենք: Շնորհակալություն ռուս խաղաղապահներին՝ մեր անվտանգությունն ապահովելու համար: Շուտով կսկսվեն աշնանային աշխատանքները, կրկին ապավինում ենք խաղաղապահների օգնությանը»,- ասել է Ասկերանի շրջանի բնակիչ Սուրեն Բաբայանը:

Ասկերանի շրջանի դաշտերի բերքահավաքով Լեռնային Ղարաբաղում ցորենի բերքահավաքը գրեթե կավարտվի, սակայն տեղի բնակիչներն արդեն դիմում են Մարդասիրական արձագանքման կենտրոնին՝ ցանքի աշխատանքները չխափանելու համար:

Նմանատիպ նյութեր