211652_close_icon
views-count1703 դիտում article-date 17:57 19-08-2021

Զարմանալի է միջազգային հանրության պասիվ կեցվածքը՝ Ադրբեջանի գործողություններին. Սաղաթելյանը՝ ՀՀ-ում Չինաստանի դեսպանին

Օգոստոսի 19-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ: Այս մասին հայտնեցին Ազգային ժողովից։

Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ Հայաստանը Չինաստանին համարում է բարեկամ երկիր. «Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի եւ Չինաստանի միջեւ կնքվել են 40-ից ավելի համաձայնագրեր, մեկ տասնյակից ավելի հուշագրեր, որոնք լավ հնարավորություն են երկու երկրների համագործակցության համար»:

Դեսպան Ֆան Յոնգը, շնորհավորելով Սաղաթելյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ, նշել է, որ Հայաստանն ու Չինաստանը 30 տարվա դիվանագիտական կապեր ունեն ու համոզմունք հայտնեց, որ այդ կապերը դեռ շատ երկար կշարունակվեն: «Ավելի քան 1000 տարվա պատմություն կա մեր երկու երկրների համագործակցության միջեւ, որոնց վկայությունն են հնագիտական պեղումները»,-ասել է դեսպանը:

Հանդիպման ընթացքում կարեւորվել է տարածաշրջանում անվտանգության ու կայունության հարցը:

«Մեր երկրում ամենամեծ խնդիրն անվտանգության հարցն է, թշնամին երկու ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Մեզ համար զարմանալի է միջազգային հանրության պասիվ կեցվածքը Ադրբեջանի գործողությունների նկատմամբ»,- շեշտել է ԱԺ փոխխոսնակը:

Դեսպանը նշել է, որ Չինաստանի դիրքորոշումը հարցի առնչությամբ նույնն է. խնդիրները պետք է լուծել խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների ու երկխոսությունների միջոցով. «Մենք աջակցում ենք տարածքային ամբողջականության պահպանմանը: Առանց տարածաշրջանային կայունության՝ անվտանգության ու խաղաղության զարգացումն այս տարածաշրջանում վտանգված կլինի»:

Խորհրդարանի փոխնախագահի խոսքով՝ Հայաստանը գնահատում է Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը խնդրի վերաբերյալ. «Տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը չպետք է լինեն Հայաստանի տարածքային ամբողջականության հաշվին: Անշուշտ, մենք կողմնակից ենք կայունության, խաղաղության եւ հարցերը բանակցությամբ լուծելուն: Դժբախտաբար հակառակ կողմն այլ պատկերացում ունի»:

Զրուցակիցները նաեւ անդրադարձել է երկկողմ հարաբերությունների օրակարգին եւ դրա հետագա ընդլայնմանը վերաբերող հարցերին:

Նմանատիպ նյութեր