211652_close_icon
views-count2036 դիտում article-date 13:03 24-08-2021

Վահագն Խաչատուրյանը և Ֆան Յոնգը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին և կարևորելով Չինաստանի մեծ դերն ու փորձը համաշխարհային տնտեսության և բարձր տեխնոլոգիաների զարգացման գործում՝  նախարարը նշել է, որ երկկողմ համագործակցության զարգացումը Հայաստանի համար շատ կարևոր է: Հայտնում է ԲՏԱ նախարարությունը։

Հաշվի առնելով ՀՀ կառավարության ծրագրերում շեշտադրվող տնտեսության արդյունաբերականացման հանգամանքը՝ նախարարը նշել է, որ ԲՏԱ նախարարությունը մասնավոր սեկտորին աջակցություն է տրամադրում   բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ կայանալու և ամրապնդվելու նպատակով։ Վահագն Խաչատուրյանը համոզմունք է հայտնել, որ այս առումով ևս անգնահատելի է Չինաստանի հարուստ փորձը, որը գյուղատնտեսական երկրից կարճ ժամանակում առաջատար տեխնոլոգիական երկիր է դարձել։ 

«Մեր երկիրը հայտնվել է մի իրավիճակում, երբ կարիք կա փոխելու տնտեսության զարգացման տրամաբանությունը: Ներմուծող երկրից պետք է դառնանք արտահանող երկիր, այդ թվում նաև առաջատար տեխնոլոգիական առումով»,- նշել է Վահագն Խաչատուրյանը։

Չինաստանի դեսպանը շնորհավորել է նախարարին նոր պաշտոն ստանձնելու առիթով և նշել, որ Չինաստանի  տնտեսության մեջ վերջին 40 տարիների ընթացքում իսկապես զգալի ներդրումներ են կատարվել ԲՏԱ ոլորտում, որի արդյունքներն ակնհայտ են։ Ֆան Յոնգը ընդգծել է, որ Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն հետ ՀՀ ԲՏԱ նախարարության համագործակցության զարգացումը շատ հեռանկարային է համարում։
Հանդիպման ընթացում կողմերն անդրադարձել են նաև նորարարությունների, տեխնոլոգիաների և ձեռներեցության ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացման և մի շարք այլ հարցերի։ 

Կարևորելով նախկին հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ նախարար Վահագն Խաչատուրյանը հույս է հայտնել, որ դրանք շարունակական կլինեն և առաջիկայում կոնկրետ արդյունքներ կգրանցվեն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր