211652_close_icon
views-count25108 դիտում article-date 23:41 27-08-2021

Վրաերթ Աբովյան քաղաքում. 80-ամյա տղամարդուն վրաերթի ենթարկած և նրան անօգնական թողած ու դեպքի վայրը լքած վարորդին ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 52-ամյա Վրեժ Ա.-ն իր վարած ВАЗ 21013 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ, 80-ամյա Ազատ Հ.-ին, ապա նրան թողնելով անօգնական, հեռացել է դեպքի վայրից:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վրաերթի ենթարկվածը ծայրահեղ  ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

 Դեպք վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի,  դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

 Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի իրենց գործընկերների հետ, հայտնաբերել են ավտոմեքենան, որի վրա առկա են եղել վրաերթի հետքեր:

Այն հետաքննիչի որոշմամբ տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը՝ ոստիկանության Կոտայքի բաժին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը ոչ թե հեռացել է դեպքի վայրից, այլ երբ անզգուշաբար տեղի է ունեցել վրաերթը, կանգնել է, փորձել է օգնություն ցուցաբերել, ու երբ քաղաքացիներ են հավաքվել, նա մտածել է, որ հնարավոր է՝ հաշվեհարդար տեսնեն իր նկատմամբ, գնացել է տուն, ապա զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ ինքը գալիս է բաժին, սակայն Աբովյանի ոստիկանները նրան ասել են, թե՝ սպասիր, մենք կգանք քո հետևից, ու դա Աբովյանի ոստիկանները համարել են «դարի հանցագործության բացահայտում», թե՝ տեսեք, տեսեք, մենք հայտնաբերեցինք, մինչդեռ վարորդը ինքն է ահազանգել և պատրաստակամություն հայտնել ինքնակամ ներկայանալ ոստիկանություն։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր