211652_close_icon
views-count56066 դիտում article-date 14:44 07-03-2022

Կոտայքի մարզի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են մահվան ելքով վրաերթ կատարած ու դեպքի վայրը լքած 28-ամյա վարորդին ու նրա ավտոմեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ մարտի 6-ին, ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Զոհրաբյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ) ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արտակ Ասաստրյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Շահնազարյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչների հետ, տաք հետքերով հայտնաբերել են նույն օրը Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի վարչական տարածքում մահվան ելքով վրաերթ կատարած և դեպքի վայրը լքած վարորդին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները կատարել են հսկայածավալ աշխատանքներ, ապա պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, և տարված բացատրական աշխատանքների արդյունքում Չարենցավանի ոստիկանություն է ինքնակամ ներկայացել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Բալաբեկ Գ-ն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս հայտնել է, որ վրաերթը կատարել է ինքը՝ BYD մակնիշի ավտոմեքենայով, նույն օրը, գիշերը ժամը 02։00-ի սահմաններում։ 

Բալաբեկ Գ-ն ոստիկանության Չարենցավանի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, իսկ ավտոմեքենան էլ ավագ քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մարտի 6-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 30.5-րդ կմ հատվածում՝ ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, դի կա:

Ժամանել էր ոստիկանության Չարենացավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Շահնազարյանի գլխավորությամբ:

Ժամանել էին նաև ոստիկանության Կոտայքի մարզային  վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը:

Դեպքի վայր էին ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի  3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վաչե Մովսիսյանի և Արման Դալաքյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս հայտնաբերել էին Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Հրազդանում բնակվող 50-ամյա Գնել Ստեփանյանի դին:

Դեպքի վայրում հայտնաբերվել էին ենթադրյալ վրաերթ կատարած ավտոմեքենայի կոտրված դետալներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 125+
125+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր