211652_close_icon
views-count1575 դիտում article-date 15:03 02-09-2021

Կառավարության որոշմամբ՝ Ստեփանավանում, Իջևանում և Կապանում ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 14-ին

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 2021 թվականի նոյեմբերի 14-ին նշանակել և Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում անցկացնել համայնքների ավագանիների համամասնական ընտրակարգով ընտրություններ:

Այս երեք համայնքներում ընտրություններ կազմակերպելու համար նախատեսվում է ոստիկանությանը հատկացնել 25 249 000 դրամ:

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հիշեցրեց, որ ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունների անցկացման երեք օր է սահմանե՝ հոկտեմբերի 17, նոյեմբերի 14 եւ լրացուցիչ դեկտեմբերի 5:

«Սա պայմանավորված է նրանով, որ Հայաստանում շարունակվելու են վարչատարածքային փոփոխությունները եւ մենք դեկտեմբերի  դրությամբ կունենանք նոր միավորված համայնքներ: Գործընթացն արդեն մեկնարկել է, տեղի են ունենում քննարկումներ, հանդիպումներ համայնքների բնակիչների հետ: Առաջիկայում կլինեն խորհրդարանական լսումներ եւ հավանաբար արդեն հաջորդ շաբաթ նախարարությունը մեզ կներկայացնի միավորվող համայնքների նախագիծը: Ըստ այդմ, ես ուզում եմ քաղաքական կուսակցություններին կոչ անել մասնակցելու այս պրոցեսին ակտիվորեն, որովհետեւ արդեն ունենք նոր օրենք, որը ընտրական պրոցեսը դարձրել է համամասնական: Սա լավ հնարավորություն է թե տեղական ժողովրդավարության ամրապնդման, թե կուսակցությունների կայացման համար»,- ասաց փոխվարչապետը:

Նմանատիպ նյութեր