211652_close_icon
views-count1716 դիտում article-date 15:36 14-09-2021

Ծառայության ընթացքում հիվանդություն ձեռք բերած նախկին զինծառայողները չեն օգտվում անվճար բուժօգնությունից. ՄԻՊ-ը առաջարկներ կուղարկի ԱԺ պաշտպանության հանձնաժողով ու ՊՆ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները վկայում են, որ օրենսդրության պատճառով որոշակի դեպքերում ծառայության ընթացքում հիվանդություն ձեռք բերած նախկին զինծառայողները չեն օգտվում անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունքից:

Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները փաստում են հետևյալը.

1) պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած այն քաղաքացիները, ովքեր զինվորական ծառայության ընթացքում ձեռք են բերել հիվանդություն, որը հիմք չի հանդիսացել նրանց ոչ պիտանի ճանաչելու համար, սակայն զորացրվել են ժամկետը լրանալու կապակցությամբ, չեն օգտվում անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունքից.

2) պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած այն քաղաքացիները, ում զինվորական ծառայության ընթացքում ցուցվել է բժշկական օգնություն, սակայն զինվորական ծառայության ընթացքում չի իրականացվել, չեն օգտվում անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունքից.

3) զինվորական ծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ում նկատմամբ բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամության խումբ չի սահմանվել, օգտվում են հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքից՝ միայն բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում.

4) այն պայմանագրային զինծառայողները, ովքեր զինվորական ծառայությունից արձակվել են պահեստազոր ոչ թե երկարամյա ծառայության կամ ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով, այլ կադրերի տրամադրության տակ գտնվելու ժամկետը լրանալու կապակցությամբ, չեն օգտվում անվճար բժշկական օգնությունից նույնիսկ այն դեպքում, երբ հիվանդությունը ձեռք են բերել ծառայության ընթացքում:

Խնդիրը տարիներ շարունակ բարձրաձայնվել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ինչպես տարեկան հաղորդումներում, այնպես էլ ՊՆ և Զինված ուժերի գլխավոր շտաբի իրավասու ստորաբաժանումների հետ քննարկումների ընթացքում:

Հարկ է նկատել, որ մի շարք բողոքների քննարկմամբ և իրավասու մարմինների հետ համագործակցությամբ նախկին զինծառայողներին գործնականում տրամադրվում է անվճար բժշկական օգնություն ու սպասարկում:

Մինչդեռ, խնդիրն ավելի խորքային ու համակարգային է. գործող օրենսդրության պատճառով մարդիկ անընդհատ խոչընդոտների առաջ են կանգնում:

Մարդու իրավունքների պաշտպանը չի սահմանափակվում միայն խնդիրների մատնանշմամբ, այլ ներկայացնում է նաև դրանց լուծման կոնկրետ եղանակներ: Այսպես,

Պաշտպանի դիրքորոշմամբ՝ հարցի ամբողջական լուծման, քաղաքացիների իրավունքների ապահովման տեսանկյունից անհրաժեշտ է օրենսդրական հստակ կարգավորումներ: Մասնավորապես, անհրաժեշտ է՝

-սահմանել, որ ժամկետը լրանալու կապակցությամբ զինվորական ծառայությունից արձակվելիս պարտադիր ժամկետային զինծառայողների մոտ բուժման կարիք պահանջող հիվանդության հայտնաբերման դեպքում նրանց տրամադրվելու է անվճար բժշկական օգնություն և սպասարկում,

 -այն դեպքում, երբ զինվորական ծառայության ժամկետում չեն լուծվում պլանային բուժման կամ վիրահատության կարիք ունեցող զինծառայողների առողջական խնդիրները, ցուցված բուժումը կամ վիրահատությունն անվճար հիմունքներով պետք է իրականացվի զինվորական ծառայությունից արձակվելուց հետո,

-օրենսդրական փոփոխությամբ ամրագրել, որ զինվորական ծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք օգտվում են հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքից՝ անկախ հաշմանդամության ձեռք բերելու հանգամանքից,

-նաև ամրագրել, որ նախկին պայմանագրային զինծառայողներն օգտվում են զինվորական ծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության կապակցությամբ անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքից՝ անկախ զինվորական ծառայությունից արձակվելու հիմքից:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնապես առաջարկներ կուղարկի Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, , այդ թվում՝ ոլորտային հանձնաժողովներ և խմբակցություններ, ինչպես նաև Պաշտպանության և Արդարադատության նախարարություններ:

Մանրամասները տեղ են գտել նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ:

Նմանատիպ նյութեր