211652_close_icon
views-count1856 դիտում article-date 23:34 14-09-2021

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Բելգիայի Թագավորության դեսպանի հետ քննարկել է Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութի առաքմանն ու մատակարարմանն առնչվող հարցեր

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին,  ՅՈՒՆԻՍԵՖ-ը հյուրընկալել է ՌԴ-ում Բելգիայի Թագավորության դեսպան Ն.Գ. պրն. Մարկ Միխիլսենին, ով հանդիպել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնիին։ Հանդիպմանը հաջորդել է այցելություն Երևանի պոլիկլինիկաներից մեկը, որտեղ դեսպանը հետևել է ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման գործընթացին։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 5-ին, ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստան է մատակարարել AstraZeneca (AZ) պատվաստանյութի 187,200 դեղաչափ. սա Բելգիայի զարգացման համագործակցության գործակալության կողմից COVAX-ին նվիրաբերվող 4 միլիոն դեղաչափի առաջին խմբաքանակն է: Բելգիայի կողմից այս նվիրատվության շնորհիվ ավելի շատ մարդ կարող է պատվաստել և պաշտպանվել հատկապես այսօր, երբ հիվանդության նոր տեսակները մեծ սպառնալիք են ներկայացնում համաշխարհային առողջապահության համար։

«Ուրախ եմ, որ Բելգիայի կողմից նվիրաբերված դեղաչափերի առաջին խմբաքանակը Հայաստան է ժամանել: Համավարակը հաղթահարելու միակ միջոցը միջազգային համագործակցությունն է: Բելգիայի համար պատվաստանյութերի գործում միջազգային համերաշխություն ապահովող լավագույն մեխանիզմը COVAX-ն է:  Սա է այլ երկրներին պատվաստանյութեր տրամադրելու մեր նախընտրած ուղին:

Մինչև տարեվերջ Բելգիան COVAX նախաձեռնության միջոցով այլ երկրների կտրամադրի 4 միլիոն դեղաչափ. ոչ ոք պաշտպանված չէ, քանի դեռ բոլորը պաշտպանված չեն: Բելգիան վճռորոշ դեր ունի ՔՈՎԻԴ-19-ի դեմ հարյուր միլիոնավոր պատվաստանյութերի արտադրության և բաշխման գործընթացում շնորհիվ դեղագործական և կենսատեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտներում ունեցած առաջատար դերի: ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի ընթացքում մեծ ու փոքր, տեղական և միջազգային ընկերությունների այս էկոհամակարգը շատ արագ է գործել՝ դարձնելով մեզ պատվաստանյութի մեծ մատակարար», - նշել է ՌԴ-ում Բելգիայի Թագավորության դեսպան Մարկ Միխիլսենը:
 
2021 թ.-ի մարտի 28-ին՝ պատվաստումների համաշխարհային շաբաթվա ավարտին, ՅՈՒՆԻՍԵՖ-ը COVAX նախաձեռնության միջոցով Հայաստան է մատակարարել AstraZeneca պատվաստանյութի առաջին խմբաքանակը (24,000), ինչի շնորհիվ ապրիլին Հայաստանը մեկնարկել է ՔՈՎԻԴ-19-ի դեմ համազգային պատվաստումների գործընթացը: Այդուհետ ՅՈՒՆԻՍԵՖ-ը COVAX-ի միջոցով Հայաստան է մատակարարել ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը՝ 50,400 դեղաչափ, իսկ ընդհանուր առմամբ՝ 70,400 դեղաչափ: Հայաստանում մինչ օրս 303,325 դեղաչափ պատվաստանյութ է կիրառվել ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին պատվաստելու համար՝ լիովին անվճար:

«Որպես COVAX-ի առանցքային գործընկերներից մեկը և աշխարհում պատվաստանյութերի ամենամեծ գնորդը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջնորդում է պատվաստանյութերի ձեռքբերման և մատակարարման գործընթացը 92 երկրի համար, այդ թվում՝ Հայաստանի», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին: «Որպեսզի հաղթահարենք համավարակը, մենք պետք է միասնական լինենք: Ժամանակի դեմ այս մրցավազքում շատ կարևոր է, որ հնարավորինս շատ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութեր հասանելի լինեն հնարավորինս շատ մարդկանց և հնարավորինս շուտ»:

2021 թ.-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջնահերթ նպատակներից է՝ ապահովել ՔՈՎԻԴ-19-ի դեմ անվտանգ և մատչելի պատվաստանյութերի հավասարաչափ և արդարացի բաշխումը բոլոր ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, առաջնահերթ խմբերին և խոցելի բնակչությանը: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է ՀՀ առողջապահության նախարարության հետ՝ սառցային շղթաների համակարգի հզորացման, առողջապահական ոլորտի աշխատակիցներին երեխաների և խնամակալների համար առողջապահական ծառայությունների որակի ապահովմանն ու շարունակմանն ուղղված վերապատրաստման, պատվաստանյութերի նկատմամբ վստահության ձևավորման և ապատեղեկատվության և այլ խոչընդոտների վերացման հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր