211652_close_icon
views-count2831 դիտում article-date 16:22 25-09-2021

Սասուն Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ

ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ` զրպարտչական տեղեկատվությունը հերքելու և 2 մլն ՀՀ դրամ բռնագանձելու պահանջներով։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Դատալեքս»  դատական տեղեկատվական համակարգից։

Երկու շաբաթ առաջ «Ժողովուրդ» օրաթերթը «Սասուն Խաչատրյանը Մոսկվայում բնակարան ունի. նա ստորագրեց իր մեղադրական եզրակացությունը» վերտառությամբ հոդված էր հրապարակել` գրելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը բնակարան ունի Մոսկվայում և «բազում բնակարաններ, մեքենաներ և այլ անշարժ գույքեր», որոնք գրանցված են այլ անձանց անուններով:

Ի պատասխան` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հերքում էր տարածել` լրատվամիջոցին մեղադրելով զրպարտության և ապատեղեկատվություն տարածելու մեջ` միաժամանակ հայտնելով, որ հիշյալ տեղեկությունները լրատվամիջոցի կողմից չհերքելու դեպքում նման պահանջով հայցադիմում կներկայացվի դատարան:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում հրապարակված տվյալների համաձայն՝ «Ժողովուրդ» օրաթերթի դեմ դատական հայցը սեպտեմբերի 24-ին արդեն իսկ ներկայացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` զրպարտչական տեղեկատվությունը հրապարակայնորեն հերքելու և պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջներով:

«Արմենպրես»-ի տեղեկություններով՝ Սասուն Խաչատրյանը պատրաստվում է հայցը բավարարվելու դեպքում լրատվամիջոցից որպես փոխհատուցման գումար պահանջած 2 մլն ՀՀ դրամը բարեգործական նպատակով ամբողջությամբ ուղղել պատերազմի հետևանքով վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած զինվորների վերականգնողական կենտրոնին:

Նմանատիպ նյութեր