211652_close_icon
views-count1112 դիտում article-date 16:31 01-10-2021

Դատավոր Մարաբյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը միջամտություն է դատարանի անկախությանը. փաստաբան

Արդարադատության նախարարության կողմից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը ոչ այլ ինչ է, քան ուղղակի միջամտություն դատարանի անկախությանը, ինչը պարզապես անթույլատրելի է և չի կարող պայմանավորված լինել որևէ հանրային շահով։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Մարաբյանի փաստաբան Միքայել Շխիմյանը՝ հարուցված կարգապահական վարույթի համատեքստում ընդգծելով GRECO (Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմին)-ի 2021 թվականի սեպտեմբերի 22-ի զեկույցի կարևորության մասին։ Համաձայն զեկույցի 78-րդ կետի՝ արդարադատության նախարարի կողմից կարագապահական վարույթների հարցումը անհամատեղելի է դատական համակարգի անկախության հետ։

Հիշեցնենք, որ ԲԴԽ–ում դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության հերթական քննությունը կայացել է երեկ՝ սեպտեմբերի 30–ին։ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով միջնորդությունը ԲԴԽ-ին է ներկայացրել Արդարադատության նախարարությունը: Մեզ հետ զրույցում Միքայել Շխիմյանը մանրամասներ հայտնեց նախօրեին կայացած նիստից։ Նրա խոսքով՝ երեկվա նիստում ՀՀ ԱՆ փոխնախարար Սուրեն Գրիգորյանը  պարզաբանել է, թե ի վերջո ո՞վ է 2021 թվականի հուլիսի 26-ի դրությամբ հանդիսացել ՀՀ ԱՆ նախարարը և ով էր ի պաշտոնե օժտված եղել լիազորությամբ ստորագրելու ՀՀ ԱՆ-ի կողմից ստորագրման ենթակա պաշտոնական փաստաթղթերը։ Ըստ Գրիգորյանի՝  նշված օրը ՀՀ ԱՆ նախարարի պարտականությունները կատարելիս է եղել Քրիստինե Գրիգորյանը, քանի որ Ռուստամ Բադասյանը գտնվելիս է եղել արձակուրդում, ուստի և հենց ինքն էր իրավասու որպես նախարարի պարտականությունները կատարող անձ ստորագրել պաշտոնական փաստաթղթի ներքո։


Դատավորի ներկայացուցչի այն հարցին, եթե փաստացի ԱՆ նախարարի պարտականությունները այդ օրվա դրությամբ դրված են եղել Քրիստինե Գրիգորյանի վրա, ապա ինչպե՞ս է նույն օրը պաշտոնական փաստաթուղթ ստորագրվել նաև Ռուստամ Բադասյանի կողմից, ԱՆ ներկայացուցիչը պատասխանել է, որ նշված հանգամանքը ըստ էության չի հանդիսանում սույն վարույթի շրջանակներում քննության առարկա հանդիսացող հարց, այն վերաբերելի է մեկ այլ դատավորի նկատմամբ հարուցված վարույթին։ Ըստ փաստաբանի՝  այդ մասով կողմերին այդպես էլ չտրվեց որևէ պատշաճ պարզաբանում։

Մարաբյանը և նրա ներկայացուցիչը բարձրացրել են նաև այն հարցը, որ դեռևս վարույթի հարուցման սկզբնական փուլում՝ հունիսին, դատավորի կողմից իրենց է հասցեագրվել դիրքորոշում ինչպես նաև միջնորդություն՝ հարուցված վարույթը կարճելու պահանջով, որոնք սակայն ոչ միայն չեն դարձվել քննության առարկա, այլևս դրանք անգամ չեն կցվել վարույթի նյութերին։

«Այս առնչությամբ փոխնախարարը պատասխանեց, որ այո, իրականում ՀՀ ԱՆ նախարարություն ստացվել է դատավորի նշված բացատրություն-միջնորդությունը, որը, իրոք իրենց կողմից քննության առարկա չի դարձվել և չի կցվել վարույթի նյութերին, ինչի կապակցությամբ էլ հենց ներկա պահին իրենց մոտ տարվում է ծառայողական քննություն՝ պարզելու մեղավոր անձին կամ անձանց, հավելելով որ մեղավորները կենթարկվեն համապատասխան պատասխանատվության։ Դատավորի մյուս հարցին, թե արդյոք տեղյակ են, որ վարույթը հարուցելիս ղեկավարվել են հոդվածներով, որոնք ներկա պահին կորցրել են իրենց ուժը, խոսքը վերաբերվում է օրինակ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, որը ուժը կորցրած է ճանաչվել դեռևս 2020 թվականի ապրիլ ամսից, փոխնախարար Գրիգորյանը պատասխանեց, որ նշված հարցին ներկա պահին չի ցանկանում անդրադառնալ, դրան կանդրադառնան իրենց եզրափակիչ ելույթով»,–ասաց փաստաբանը։ Վերջինիս խոսքով՝ Մարաբյանը հետաքրքրվել է նաև, թե իր կողմից խնդրո առարկա որոշումը կայացնելիս ինքը դու՞րս է եկել որոշման պատճառաբանվածության սահմաններից, ըստ էության գերպատճառաբանելով այն (ի դեպ նման պատճառաբանվածության չափորոշիչ որևէ ներպետական նորմով սահմանված չէ), թե՞ բավականաչափ չի պատճառաբանել այն, քանի որ ՀՀ ԱՆ-ի կողմից վարույթ հարուցելու որոշման մեջ երկու տարբերակն էլ նշվել է, ինչը ուղղակիորեն բացառում է մեկը մյուսին, քանի որ գործնականում կարծում ենք հնարավոր չէ գերպատճառաբանելով մի որոշում չպատճառաբանել այն։

«Այս հարցադրմանը փոխնախարար Գրիգորյանը պատասխանեց, որ չկա որևէ պատճառ դուրս գալու պատճառաբանվածության սահմաններից։ Դատավորի մյուս հարցին, թե արդյոք դուք անձամբ լսել եք դատական նիստերի արձանագրությունը, երբ իր կողմից կողմերին պարզաբանվել է, որ ինքը տեղյակ է, որ նշված գործի կապակցությամբ ՀՀ վարչապետի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի և այլ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում ՀՀ վարչապետը հարց է ուղղել խորհրդակցությանը մասնակից անձանց, նշելով «թե որքանով են իրավաչափ համարում տեղի ունեցածը և այլն․․․» ինչի կապակցությամբ ինքը դատավարության մասնակիցներին խնդրել է կարծիք հայտնել թե արդյոք նշվածը իրենք չեն դիտարկում որպես ճնշում դատարանի նկատմամբ և եթե այո, ապա խնդրում է կարծիք հայտնել իրեն բացարկ հայտնելու համատեքստում, քանի որ ցանկացած որոշման կայացման պարագայում կողմերը կարող են նման հետևության հանգել, ինչին դատավարության կողմերը, հատկապես գործով դատախազը, պատասխանել են, որ նշվածի համատեքստում բացարկի միջնորդություն դատարանի նկատմամբ չունեն, սակայն ինչ–ինչ պայմաններում, դատական նիստից հետո գործով նույն դատախազը զեկուցագիր է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազին՝ նշելով, թե դատարանը կողմնակալ որոշում է կայացրել՝ բավարարելով պաշտպանության կողմի բողոքը, ով էլ իր հերթին դիմում է ՀՀ ԱՆ-ին։ Նշված հարցին ևս, ըստ էության, պատասխան չստացանք։ Դատավորի մյուս հարցին, թե ձեր որոշման մեջ մի տեղ նշել եք, որ իմ կողմից կատարված խախտումը թույլ է տրվել առնվազն կոպիտ անփութությամբ, սակայն նույն որոշման մեջ նշել եք նաև, որ խախտումը թույլ է տրվել դիտավորությամբ, հիմա ի վերջո, ինչպես եք հակված կարծելու, խախտումը ինչ բնույթ է ունեցել, քանի որ առնվազն նշված մեղքի երկու տեսակների միաժամանակյա առկայությունը չի կարող լինել, խնդրում եմ հայտնեք որ տարբերակին եք ի վերջո հակված, քանի որ նշված հարցի պարզաբանումը կարևոր է նաև մեր պաշտպանության իրավունքի պատշաճ իրացման տեսանկյունից, քանի որ առնվազն պարզ չէ թե ինչ մեղքի տեսակ է մեղսագրվում դատավորին։ Հարցին փոխնախարարը պատասխանեց, որ նման կերպ նշելով, ցանկացել են նշել, որ կատարվածում առնվազն առկա է կոպիտ անփութություն, եթե ոչ դիտավորություն։ Դատավորը այդ կապակցությամբ հակադարձեց՝ նշելով, որ արդեն իսկ ներկայացված վարույթով ուրվագծված են դրա քննության սահմանները, և դրանք այլևս չեն կարող փոփոխվել առնվազն անձի վիճակը այլ կերպ վատթարացնող մասով։ Դատավորի մեկ այլ հարցին, թե նախորդ դատական նիստի ընթացքում ԲԴԽ հարցին՝ արդյոք իրենց հայտնի է մի հանգամանք, որը կարող է բացառել սույն վարույթի հետագա քննությունը կամ այլ կերպ բարելավել դատավորի կարգավիճակը, պատասխանեցիք, որ ոչ, նման հանգամանք ձեզ հայտնի չէ․ մինչդեռ ձեզ է ներկայացվում խնդրո առարկա գործով քննիչի 2021 թվականի հունիսի 30-ի որոշումը, համաձայն որի վերջիններս, հենց իրենք, իրենց սեփական նախաձեռնությամբ որոշում են կայացրել գործով մեղադրյալի նկատմամբ ընտրել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոց ինչի արդյունքում վերջինս հայտնվել է ազատության մեջ, ինչը գտնում ենք, որ ի թիվս այլոց, ըստ էության հաստատում է դատավորի կողմից կայացված որոշման օրինական լինելը և հենց նշվածի համատեքստում գտնում ենք, որ սույն որոշումը, իբրև նոր հանգամանք, կարող է հիմք հանդիսանալ սույն վարույթը կարճելու համար, քանի որ մինչ այդ նշված որոշման գոյության մասին ինչպես կողմերին այնպես էլ ԲԴԽ-ին հայտնի չի եղել։ Նշված հարցին ի պատասխան, ՀՀ ԱՆ փոխնախարարը և նախարարության ներկայացուցիչը պատասխանեցին, որ բացի այն, որ առարկում են նշված հիմքով վարույթի կարճման դեմ, իրականում իրենց այդ որոշման գոյության մասին մինչ այդ հայտնի եղել է, սակայն ինչ ինչ պատճառներով վերջիններս չեն բարձրաձայնել այդ մասին ու հասանելի չեն դարձրել այն դատավարության կողմերին։ Թե ինչու են վերջիններս լռել նշված որոշման գոյության մասին, կարծում ենք պարզից էլ պարզ է, մյուս դատողությունները ևս թողնում ենք Ձեզ»,–մանրամասնեց փաստաբանը։ Այպիսով դատավորը միջնորդել է գործի վարույթը կարճել։ Հարցի շուրջ մյուս կողմի դիրքորոշումը լսելու համար խորհուրդը նիստը հետաձգեց:

Նմանատիպ նյութեր