Ուղիղ մեկ տարի առաջ «Սմերչ»-ից հրթիռակոծվեց Արցախի ԱԻ պետական ծառայության տարածքը
Մեկ տարի առաջ այս օրը՝ 2020թ. հոկտեմբերի 2-ին, ժամը 13։45-ի սահմաններում, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից թիրախավորվել և հրթիռակոծվել է ԱԻ պետական ծառայության վարչական տարածքը, մասնավորապես, հրշեջ փրկարար մասը, հսկիչ անցագրային կետն ու ծառայության պլանավորման և պատրաստման բաժնի մասնաշենքը, մասնակի վնասվել են նաև կենտրոնական ապարատի աշխատասենյակները:
Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Մեկ տասնյակի հասնող վիրավորներից միայն մեկի՝ հրշեջ-փրկարար Հովիկ Աղաջանյանի կյանքը փրկել չհաջողվեց: Վիրավորվելուց հետո 2 օր անց՝ հոկտեմբերի 4-ին հեռացավ կյանքից:
Ռազմական գործողությունների ընթացքում վնասված շենք-շինությունները ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ զինադադարից անմիջապես հետո վերականգնվել են:
Ծառայության կենտրոնական վարչական տարածքն արդեն վերանորոգվել է, իսկ շրջանային ստորաբաժանումներում՝ շինաշխատանքները շարունակվում են: