211652_close_icon
views-count2288 դիտում article-date 09:25 05-10-2021

Սկանդալային բացահայտումներ նախագահների, պաշտոնյաների ու այլ ազդեցիկ անձանց օֆշորային ակտիվների մասին․ «Ամերիկայի ձայն»

Վերջին օրերին միջազգային մամուլը ցնցվել էր «Պանդորայի փաստաթղթեր» անունը կրող ֆինանսական լայնածավալ հավաքածուի արտահոսքի հետևանքով, որը բացահայտում է աշխարհի քաղաքական գործիչների, պաշտոնյաների և նրանց շրջապատի գաղտնի ակտիվները: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Այն հրապարակվել էր Վաշինգտոնում տեղակայված Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) միջոցով: ICIJ-ի՝ նախկինում հրապարակած մյուս թղթապանակների համեմատությամբ՝ «Պանդորայի փաստաթղթեր»-ը պարունակում են ամենամեծ ծավալի արտահոսք, որի ծավալը հասնում է 2,94 տերաբայտի: Այն վերաբերում է 35 գործող և նախկին առաջնորդներին, ավելի քան 330 քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին 91 երկրներից և տարածքներից: Նախագծի շուրջ աշխատել են 650 լրագրողներ ողջ աշխարհից:

Հայաստանից նախագծին մասնակցել է «Հետք» լրատվամիջոցը, որը հրապարակել է հետաքաննություն հանքաարդյունաբերական ոլորտի օֆշորային ակտիվության մասին: Ըստ դրա՝ Ազատեկի ոսկու հանքավայրը կառավարող ընկերությունները և Բազումի երկաթի հանքավայրը գրանցվել են օֆշորային գոտում: Ազատեկի ոսկու հանքը, որը գտնվում էր Վայոց Ձոր մարզում, պետք է կառավարեր Սեյշելյան կղզիներում գրանցված «Coeur Gold Armenia» ընկերությունը, իսկ Բազումի հանքավայրը՝ «Բազում Սթիլը», որը հիմնվել էր Բելիզում 2013 թվականին, հաղորդում է Հետքը:

«ՎայկԳոլդը» և «Սուրարտը», որոնք համապատասխանաբար պետք է լինեին Ազատեկի և Բազումի հանքավայրերի շահագործման տեղական դուստր ձեռնարկությունները, 2012 թ. դրությամբ պատկանում էին, ըստ հրապարակման, նախկին պատգամավոր և կառավարության անդամ Վարդան Այվազյանին, ով 2001-2007 թվականներին զբաղեցրել է շրջակա միջավայրի պահպանության նախարարի պաշտոնը, իսկ 2007-ից 2018 թվականներին եղել է պատգամավոր այդ ժամանակ իշխող Հանրապետական կուսակցությունից: Այս նախագծերի շրջանակում շոշափվող բրիտանացի նախկին պատգամավոր և գործարար Թոնի Բոլդրինը ի պատասխան լրագրողների հարցումների տեղեկացրել է, որ Բազումի հանքավայրը չի շահագործվել երկաթի միջազգային գների անկման պատճառով:

Սակայն, տարածաշրջանի ամենամեծ բացահայտումները վերաբերում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարստությանն ու նրա ընտանիքին, ըստ որի նրա հարազատները Լոնդոնում շուրջ $ 700 մլն անշարժ գույքի սեփականատերեր են: Հայտնաբերվել են 84 նախկինում անհայտ օֆշորային ընկերություններ, որոնք գրանցված են Բրիտանական Վիրջինյան կղզիներում և եղել կամ պատկանում են Ալիևի ընտանիքին, նրա հարազատներին կամ մերձավոր գործընկերներին: Ալիևի ընտանիքն ու մասնավորապես նրա երեխաները սեփականատերեր են հանդիսանում Լոնդոնում զգալի չափով անշարժ գույքի, առևտրային ընկերությունների և նույնիսկ պատմական մի պանդոկի Բրիտանական թանգարանի մերձակայքում:

Վրաստանը ևս անմաս չէ «Պանդորայի փաստաթղթեր»-ի բացահայտումներից: Վրացի ազդեցիկ գործարար, նախկին վարչապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բեձինա Իվանիշվիլին, ըստ հետաքննության, 1998-2016 թվականներին բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցել 12 օֆշորային ընկերություններ: Դրանք հիմնադրվել են «Alcogal» ընկերության միջոցով, որը բնութագրվում է որպես «օֆշորային մատակարար» քաղաքական գործիչների ու կապեր ունեցող ազդեցիկ զգալի թվով անձանց համար: «Պանդորայի փաստաթղթեր»-ում ներգրավված քաղաքական գործիչների գրեթե կեսը կապված են «Alcogal»-ի հետ, ներառյալ Վլադիմիր Պուտինի հետ առնչություն ունեցող անձինք:

Հետաքննությունը պարունակում է հետաքրքիր բացահայտումներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորների մասին, ըստ որի՝ Պուտինի, ենթադրաբար, երրորդ դստերի մայր՝ Սվետլանա Կրիվոնոգիխին է պատկանում 3,6 մլն եվրո արժողությամբ բնակարան Մոնակոյում: Բացի այդ, փաստաթղթերում նշվում է նաև ռուսական «Առաջին ալիք» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստի անունը, ըստ որի՝ վերջինս բրիտանական Վիրջինյան կղզիների օֆշորային գոտու միջոցով իրականացրել է Ռուսաստանում խորհրդային հին կինոթատրոնների ապամոնտաժումն ու վերակառուցումը՝ դրանք վերածելով առևտրի կենտրոնների: Դրանից բացի, «Պանդորայի փաստաթղթերը» բացահայտում են ռուս գազային մագնատ Գենադի Տիմչենկոյի օֆշորային ակտիվությունը: Բացահայտվել են մի շարք վարկեր 2007 և 2008 թվականներին անանուն օֆշորային ընկերությունների և Կիպրոսում գրանցված Տիմչենկոյի ընկերության միջև: Հիշեցնենք, որ 2014 թվականին Տիմչենկոն դարձավ առաջին ռուս գործարարներից մեկը, ով ենթարկվեց ԱՄՆ-ի պատժամիջոցների՝ կապված Ղրիմի բռնակցման հետ:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու անունը ևս հայտնվել է արտահոսած փաստաթղթերում: Ըստ դրանց՝ Զելենսկուն և նրա մերձավոր քաղաքական դաշնակիցներին են պատկանում օֆշորային կազմակերպության բաժնետոմսեր Կիպրոսում, Վիրջինյան կղզիներում և այլուր: Զելենսկուն են պատկանել բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «Maltex Multicapital Corp» բաժնետոմսերը, որն, ըստ հրապարակման, զբաղված է կինոարտադրությամբ: Այդ ընկերությունների գումարները ներդրվել են Լոնդոնում էլիտար անշարժ գույքի մեջ։ 2019 թ․ընտրություններից առաջ Զելենսկին օֆշորներում իր մասնաբաժինը փոխանցել է իր մերձավոր և առաջին օգնական Սերգեյ Շեֆիրին:

Վերոհիշյալ հրապարակումներից բացի, պատմության մեջ ֆինանսական փաստաթղթերի ամենախոշոր այս արտահոսքում ՝ «Պանդորայի փաստաթղթեր»-ում տեղ են գտել նաև բացահայտումներ օֆշորային ակտիվների ու գործունեության մասին՝ կապված այնպիսի քաղաքական գործիչների հետ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, Քենիայի նախագահ Ուհուրու Քենիատան, Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը, Հորդանանի թագավոր Աբդուլահ Երկրորդը, Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքատին և այլք:

Ըստ հրապարակման, միլիարդավոր դոլարների ներհոսք է գնում դեպի ամերիկյան Հարավային Դակոտա նահանգը տարբեր անհատների և ընկերությունների կողմից, որի արդյունքում այս նահանգն այսօր մրցում է օֆշորային այնպիսի գոտիների հետ, ինչպիսք են Շվեյցարիան, Պանաման, Կայմանյան կղզիները և այլ հայտնի օֆշորներ, ուր իրենց ակտիվներն են պահում բազմաթիվ քաղաքական գործիչներ, ազդեցիկ դեմքեր ու գործարարներ:

Նմանատիպ նյութեր