211652_close_icon
views-count966 դիտում article-date 16:56 05-10-2021

Այսօր Հայաստանը ընդգրկուն բարեփոխումների նոր փուլում է, որտեղ ելակետը մրցունակ գիտելիքն է. Պապիկյան

Հարգելի՛ ուսուցիչներ,

Սրտանց շնորհավորում եմ Ուսուցչի օրվա կապակցությամբ:

Ուսուցչի մասնագիտությունը մշտապես արժևորվել և պատշաճորեն գնահատվել է մեր հասարակության մեջ: Դրանով պայմանավորված՝ մեծ է թե՛ ուսուցչի անձի, թե՛ մասնագետի նկատմամբ հարգանքը: Ուսուցիչը կրում է հասարակության մեջ ամենապատվաբեր աշխատանքի բեռը՝ կրթել ու դաստիարակել մատաղ սերնդին, դարձնել նրան պատասխանատու և անկոտրում քաղաքացի: Ուսուցիչն է, որ իր ամենօրյա աշխատանքով պայմանավորում է մեր պետության վաղվա օրը, նրա տված գիտելիքով է կառուցվում մեր պետության ապագան, նրա կրթած սերնդով են կերտվելու մեր ապագայի հաղթանակները:

Այսօր Հայաստանը կրթության և գիտության բնագավառի ընդգրկուն բարեփոխումների նոր փուլում է, որտեղ ելակետը մրցունակ գիտելիքն է, միջազգային ստանդարտներին ձգտելը և որակյալ մասնագիտական ռեսուրսի ապահովումը: Այդ նպատակին է ծառայում նաև ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ապահովել անհրաժեշտ պայմաններ կրթության գործի կազմակերպման համար: Այդ համատեքստում ուզում եմ ընդգծել, որ ՀՀ-ում լայնորեն ընթանում են սեյսմակայուն նոր դպրոցների շինարարություններ, իսկ Կառավարությունը 2021-2026թթ. հնգամյա ծրագրում հանձն է առել իրականացնելու 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման ու նորոգման աշխատանքներ:

Ժամանակակից աշխարհում առաջատարությունը պատկանում է նոր տեխնոլոգիաներին, նոր հղացմանը և նոր մտքին, որի առաջին սերմանողը մանկավարժական հանրույթն է՝ միաժամանակ աշակերտի մեջ ուսման հանդեպ սեր արթնացնողն ու գիտելիքի ծարավը հագեցնողը: Համոզված եմ՝ մեր ձեռնարկած կրթական բարեփոխումները տալու են իրենց դրական արդյունքները, և այդ համատեքստում ավելի է ընդգծվելու ուսուցչի դերակատարությունն ինչպես կրթության բնագավառում, այնպես էլ մեր հանրային հարաբերություններում:

Սիրելի՛ ուսուցիչներ,

Վերստին շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, երջանկություն և մասնագիտական նորանոր նվաճումներ: Ձեր գործը մնայուն է, ապագայամետ և լուսավոր: Այդ պատվելի առաքելության մեջ, համոզված եմ, ամեն օր ներդնելու եք հավելյալ ջանքեր՝ զգալով հանրային խոշոր պատասխանատվություն: Ի հեճուկս ներկայումս ստեղծված դժվարին պայմանների՝ վստահ եմ, որ ձեր եռանդի ու նվիրումի արդյունքում ունենալու ենք հայրենասեր, ինքնավստահ ու կրթված սերունդ, որը պատրաստ կլինի դիմագրավել օրվա մարտահրավերներին և լինել սեփական երկրի արժանի քաղաքացի:

Նմանատիպ նյութեր