211652_close_icon
views-count1748 դիտում article-date 18:48 05-10-2021

Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ժամանեց Հռոմ. մեկնարկում է պետական այցը Իտալիա

Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլայի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի 5-ին պետական այցով կմեկնի Իտալիա: Հայաստանի Հանրապետության 30-ամյա պատմության ընթացքում սա Հայաստանի նախագահի առաջին պետական այցն է Իտալիա:

Իտալիայի Հանրապետության նախագահի նստավայրում` Քուիրինալե պալատում նախատեսված է նախագահներ Սարգսյանի և Մատարելլայի առանձնազրույցը, որին կհաջորդի պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Հայաստանի և Իտալիայի նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Այցի շրջանակում ծրագրված է նաև նախագահ Սարգսյանի հանդիպումն Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիի հետ: Հայաստանի նախագահը կհանդիպի նաև Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի, Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի, Հռոմի քաղաքապետի հետ:

Հանդիպումների առանցքում կլինեն երկկողմ հարաբերությունների խորացմանը և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը, տարածաշրջանային խնդիրներին ու զարգացումներին վերաբերող, ինչպես նաև այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը կհյուրընկալվի նաև Հռոմի Լևոնյան վարժարանում, որտեղ հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Կրթական և մշակութային ոլորտներում փոխգործակցության խորացման հարցերը նույնպես նախագահ Սարգսյանի պետական այցի օրակարգում են: Հռոմի Լա Սապիենցա համալսարանում նախագահ Սարգսյանը ներկա կգտնվի հայագիտություն ամբիոնի վերաբացման արարողությունը, ինչպես նաև դասախոսությամբ հանդես կգա Բոլոնիայի համալսարանում:

Նախագահ Արմեն Սարգսյանի՝ Իտալիա պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահների հովանու ներքո, Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալե պալատում, կբացվի մեծանուն հայ նկարիչներ Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Հակոբ Կոջոյանի աշխատանքների ցուցադրությունը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր