211652_close_icon
views-count1376 դիտում article-date 10:37 06-10-2021

Չկա նախկին թշնամին, որով կարելի էր մարդկանց վախեցնել․ երբ հակառակորդներն իրար փոխլրացնում են․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «20-րդ դարի երկրորդ կեսին աշխարհում կային երկու գերտերություններ՝ ԽՍՀՄ-ը եւ ԱՄՆ-ը: Արտաքուստ դրանք շատ տարբեր էին: Գերտերությունները կատաղի մրցակցության մեջ էին ամենուր՝ տիեզերքից մինչեւ «երրորդ աշխարհ», սպառազինությունից մինչեւ սպորտ: Դրանց՝ պաշտոնապես հայտարարվող պատկերացումներն աշխարհի հետագա զարգացման, սոցիալական բարիքի, անգամ բարոյականության մասին՝ տրամագծորեն տարբեր էին: Գերտերություններն անընդհատ սպառնում էին միմյանց՝ սկսել 3-րդ համաշխարհային պատերազմը, բայց գործը դրան, բարեբախտաբար, չհասավ:

Բայց, մյուս կողմից, դրանք իրար փոխլրացնում էին: Ամեն մեկն ուներ իր «զոնը», որը կոչված էր նայելու, եւ այդ կարմիր գծերից այն կողմ չէին անցնում: Օրինակ, Ստալինը չխառնվեց, երբ Հունաստանում 1946-49 թվականներին ճնշեցին կոմունիստներին, Արեւմուտքը չմիջամտեց, երբ 1956 թվականին Հունգարիայում եւ 1968-ին Չեխոսլովակիայում ճնշում էին ժողովրդի ընդվզումը ամբողջատիրական համակարգի դեմ: «Այստեղ»՝ Խորհրդային Միությունում, մարդիկ երազում էին լեփլեցուն սուպերմարկետների եւ խանութներում ազատ վաճառվող ավտոմեքենաների, ոմանք նաեւ՝ բազմակուսակցական համակարգի եւ խոսքի ազատության մասին: Այնտեղ՝ Արեւմուտքում, նրանք, որ այդ ամենն ունեին, դեմոնացնում էին մեզ՝ անընդհատ վախեցնելով, որ այդ «սովածներն» ուզում են գալ եւ կուշտերին ուտել: «Ազատական» նախագծի առավելությունն ապացուցվում էր (այդ թվում՝ նույն «երրորդ աշխարհին») «սոցիալիստական» նախագծի անհաջողություններով:

1991 թվականին այդ «հսկաներից» մեկն ընկավ, եւ ամերիկացիները սկզբից ուրախացան՝ «վե՛րջ, մենք հաղթել ենք», «պատմությունը վերջացա՛վ»: Բայց հետո պարզվեց, որ պարտվել են նաեւ իրենք՝ ամերիկացիները: Չկա նախկին թշնամին, որով կարելի էր արեւմտյան մարդկանց վախեցնել, դրա փոխարեն հայտնվել են բազմաթիվ նորերը: Չկա «օժանդակ զոն նայողը»՝ փոխարենը կան «նայելու» տասնյակ հավակնորդներ: «Ազատական» առավելություններն էլ, մյուս կողմից, այնքան էլ տպավորիչ չեն՝ մենք ունենք ե՛ւ սուպերմարկետներ, ե՛ւ բազմակուսակցականություն, բայց ասել, որ դա մեզ շատ երջանիկ է դարձնում, խիստ չափազանցություն կլիներ: Հիմա, ամերիկյան քաղաքական պատասխանատուներից շատերը կարող են, հավանաբար, ասել՝ «վերադարձրեք մեզ մեր հին ու բարի թշնամիներին»:

Այդ օրինաչափությունը գործում է նաեւ պետությունների ներքին կյանքում, նաեւ՝ Հայաստանի: Շատ դեպքերում իշխանությունը գոյատեւում է հենց ընդդիմության շնորհիվ. դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ վերջինս ավելի քիչ ժողովրդականություն է վայելում, քան իշխանությունը, երբ այդպիսի ընդդիմությամբ կարելի է վախեցնել եւ սպառնալ ազգաբնակչությանը: Պետք է ասել նաեւ, որ իրեն՝ ընդդիմությանը, միանգամայն ձեռնտու է լինել «հարմար զուգընկերոջ» դերում: Այդ հովվերգական վիճակը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ որ իշխանությունն իր «վերջնական» եւ «շռնդալից» հաղթանակը չտոնի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր