211652_close_icon
views-count2752 դիտում article-date 16:29 06-10-2021

Հոկտեմբերի 6-ին ՀՀ օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան երթուղով թռիչք. Քաղավիացիայի կոմիտե

Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասված է, որ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան երթուղով թռիչք: 

Ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի օդային տարածքների օգտագործումը  չի սահմանափակվել քաղաքացիական օդանավերի համար՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի ժամանակահատվածի: 

Նշված երթուղով թռիչքներ շարունակաբար իրականացվել են նաև նախկինում` մինչև 2014 թվականի նոյեմբերի 8-ը, ինչից հետո ադրբեջանական կողմն իր նախաձեռնությամբ դադարել է օգտվել  Հայաստանի Հանրապետության օդային տարածքից։

Այս ողջ ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանից Ադրբեջանի օդային տարածքով չվերթեր են իրականացվել դեպի այլ երկրներ և հակառակ ուղղությամբ և շարունակում են իրականացվել։

Հավելենք նաև, որ ՀՀ ավիացիոն իշխանությունների կողմից  տարանցիկ թռիչքի թույլտվություն չի տրամադրվում, քանի որ ըստ  ընթացակարգերի՝ քաղաքացիական օդանավերով տարանցիկ թռիչքների իրականացման համար որևէ թույլտվություն չի պահանջվում:

Օդային մայրուղիների ընտրության իրավասությունը վերապահված է օդանավ շահագործողներին:

Նմանատիպ նյութեր