211652_close_icon
views-count9169 դիտում article-date 22:42 13-10-2021

Փոխգնդապետ Բեժանյանը զոհվել է կարևորագույն բարձունք գրավելիս. այսօր նրա մահվան տարելիցն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր`հոկտեմբերի 13-ին,  փոխգնդապետ  Արմեն Բեժանյանի մահվան տարելիցին հոգեհանգստյան կարգ է մատուցվել:

Նախորդ տարի սեպտեմբերի 27-ին սկսված  պատերազմի ժամանակ Բեժանյանը եղել է Մատաղիսի գնդի շտաբի պետը, պատերազմի առաջին օրերին` օրհասական պահին նշանակվել է Մատաղիսի գնդի հրամանատար։

«Պատերազմի օրերին Արմենի մասին` դեռ Ստեփանակերտից, Շուշիից անընդհատ տեղեկանում էի ու անհամբեր սպասում էի, որ մեզ էլ ուղարկեն առաջնագիծ` մտածելով, որ հնարավոր է հյուսիային ուղղությամբ գնանք ու տեսնենք իրար։ Վերջապես եկավ էդ օրը ու երջանիկ պատահականությամբ մեզ հենց էդ կողմ ուղարկեցին։ Մեր ջոկատում 10-ն էինք։ Վերջապես հասանք հավաքատեղի, զենք ստացանք ու արդեն պատրաստ էինք վերջնակետին հասնելու, բայց նկատեցինք, որ տարօրինակ շարժ կա` զորքի Մատաղիսի նահանջն էր։ Մի քանի ժամ մնալուց հետո` մեզ էլ տեղափողեցին մեկ այլ հավաքատեղի, նույն տեղում`առավոտյան, իմացա, որ Արմենը տարածքում է` իր զորքի հետ։ Փորձեցի գտնել, բայց ապարդյուն. Արմենը գնացել էր նոր բնագիծ` տղերքի մոտ։ Էդ օրը տենց էլ չտեսա նրան... Իսկ, արդեն, հաջորդ օրը գնացել էին էդ տարածքից... Հաջորդ օրը` կեսօրին, մենք  էլ տեղափոխվեցինք։

Պարզվեց, որ նույն տեղում ենք լինելու։ Իմացանք նաև որ Արմենին հիմնական հրամանտար են նշանականել։ Ճանապարհին  փորձում էի ցույց չտալ, բայց ուրախությանս չափ ու սահման չկար, քանի որ ողջ ընթացքում շատ զինվորներ պատմում էին Բեժանյանի հերոսությունների մասին` թե ոնց ա դուխ տվել տղերքին, իրենց կողքին եղել։Հպարտությունը հայացքիս մեջ էր։ Վերջապես հասանք տեղ, որոշեցինք Վահագի ու Սարգիսովի հետ գնանք հրամատարին` Բեժանյանին, տեսնենք, տեղյակ պահենք, որ այստեղ ենք ու մեր խնդիրը ստանանք։ Հեռվից լսեցի ձայնը ու վերջապես տեսա Արմենին`  30-40 հոգու մեջտեղում կանգնած էր, զրուցում էին։ Ոգևորությամբ քայլում էի դեպի այդ կողմ, բայց Արմենը գնաց իր «աշխատասենյակ»։ Քայլեցինք նրա ետևից, սկզբում Վահագն էր քայլում, ետևից`ես։ Դուռը բացեցինք, Վահագը ողջունեց.  «Բարև կամանդիր, կարելի ա՞»։ Աչքիցս չվրիպեց` Արմենը ջղայնացած էր ու խիստ հայացքով նստած ներքև էր նայում` ինչ որ բան էր մտածում։ Քայլ արեցի, դեռ չէր տեսել, որ ես էլ եմ եկել։ Ասեցի`Արմեն, բարի օր։ Գլուխը բարձրացրեց, տեսավ` գրկեցինք իրար...էմոցիաները, որոնք պատել էին երկուսիս ու էն ժպիտը որ երկուսիս դեմքին առաջացավ` ես կյանքում չեմ մոռանա։ Անբացատրելի է էդ պահը, երբ տեսնում ես քո հարազատին, այն էլ պատերազմի մեջ ու այն էլ` համազգեստով։ Իմ համար կրկնակի աննկարագրելի էր, որովհետև էն Բեժանյանին էի գրկել, ում մասին տղերքը էդքան ոգևորված էին խոսում։ Ու, թեկուզ հազարավոր մարդիկ լինեին մեր կողքին, միևնույն ա էմոցիաները զսպել չէր լինի։ Նստեցինք, ծանոթացրեցի տղերքի հետ ու զրուցեցինք հետագա անելիքների մասին... Հպարտությունս ավելի աճեց, չէ՞ որ բոլորին դուխ տվող հրամանատարը` Բեժանյանը, արդեն, նաև, մեր հրամանատարն էր լինելու...»,-

NEWS.am-ին պատմեց Արմեն Բեժանյանի հորեղբոր տղան` Անդրանիկ Բեժանյանը:

Փոխգնդապետը պատերազմի օրերին մի քանի անգամ վիրավորվել է, սակայն հրաժարվել է բուժօգնությունից, մնացել է մարտի դաշտում, միշտ եղել ամենաթեժ կետերում։ Վերջին մարտին մեկնելիս էլ կոչով է դիմել զինվորներին` ասելով. «Ես գնում եմ, ո՞վ է ինձ հետ գալիս»:

Բեժանյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 13-ին, կարևորագույն բարձունք գրավելիս`արիության օրինակ դառնալով իր զինվորների համար:

Մանրամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր