211652_close_icon
views-count1668 դիտում article-date 20:33 19-10-2021

Պատմության 100-ամյա դասերը. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում քննարկվեցին 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերը

Հոկտեմբերի 19-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց  «Հայաստանը  և  տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին:

Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության  ինստիտուտը, Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ Դատի կենտրոնական  խորհուրդը, «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամը:

Գիտաժողովին ներկա էին անվանի պատմաբաններ, հայաստանյան և միջազգային փորձագետներ, հետազոտողներ, ՀՀ ԳԱԱ գիտաշխատողներ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ:

Գիտաժողովի բացմանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի ուղերձը փոխանցեց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը. «21-րդ դարի առաջին քառորդին Հայաստանը վերստին հայտնվել է տարածաշրջանային ռազմաքաղաքական գործընթացների կիզակետում:

Այսօր էլ աշխարհաքաղաքական բուռն ընթացքները մտահոգիչ են մեր ժողովրդի համար, ինչպես 100 տարի առաջ, երբ ստորագրվեցին Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, որոնցով Թուրքիային տրվեցին զգալի հայկական տարածքներ: 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը անասելի ծանր հարված հասցրեց հայկական երկու պետություններին՝ կանգնեցնելով նոր մարտահրավերների առջև:

Միջազգային այս գիտաժողովը իր նպաստը պետք է բերի արդարության և իրավունքի պաշտպանության տեսանկյունից տարածաշրջանում առկա հարցերի կարգավորմանը և խաղաղության հաստատմանը:

Աղոթում եմ աշխարհի խաղաղության համար և հավատում եմ, որ արդարության հիմքերի վրա մեր տարածաշրջանում պետք է հասունանան խաղաղության արգասիքները»:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի ողջույնի ուղերձը փոխանցեց Շահան արքեպիսկիպոս Սարգսյանը. «Պատմագիրները և իրավագետները արդարացիորեն կասկածի տակ են առնում այս պայմանագրերի օրինականությունը և իրավականությունը, որովհետև այն չի համապատասխանում միջազգային օրենքի և միջպետական համաձայնագրերի սկզբունքներին ու գործընթացներին:

Այս հարցը և հարակից հարցերը լայնորեն պետք է քննարկվեն գիտաժողովի ընթացքում: Կարսի և Մոսկվայի պայմանագրերը փաստորեն պարտադրվել են Հայաստանին:

Այսօր Հայաստանին նոր պայմանագրեր պարտադրելու բացահայտ մթնոլորտ է տիրում տարածաշրջանում: Շրջանի աշխարհագրությունը չի կարելի փոխել, սակայն կարելի է և հրամայական է որդեգրել այնպիսի մոտեցումներ, որոնք չեն վտանգի Հայաստանի Հանրապետության գերագույն շահերը:

Դիվանագիտության մեջ ճկուն, բայց ոչ պարտվողական, իրատես, բայց ոչ զիջող: Հայաստանի Հանրապետության անկախության, գերիշխանության, հողային ամբողջականության ու անվտանգության պահպանումը մեր ժողովրդի համար ազգային սրբություն է: Հայաստանը շրջապատած վտանգները ճիշտ չէ կառավարական ընթացիկ որոշումներով դիմագրավել: Հրամայական է ճակատագրական հիմնահարցերը համազգային մաշտաբով քննարկել:  

Սփյուռքը իր հարուստ փորձառությամբ ու կապերով իր ասելիքը և անելիքը պետք է ունենա համազգային խնդիրների քննարկման հարցում»:

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, ասաց. «1921թ. մեզ համար ճակատագրական տարի էր վատ իմաստով. հանձնեցինք Ղարաբաղը, Նախիջևանը, որոշ հայկական տարածքներ բռնակցվեցին Թուրքիային և Ադրբեջանին, և 100 տարի անց մենք գտնվում ենք կրկին ճնշված վիճակում: Նման պայմաններում այսպիսի գիտաժողովները յուրահատուկ հարթակներ են քննարկումներ անցկացնելու համար, և դրանք կնպաստեն, որպեսզի մեր պետությունը կարողանա դուրս գալ ստեղծված բարդ իրավիճակից ավելի բարենպաստ, հայանպաստ պայմաններով»:

ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը նշեց, որ գիտաժողովի գլխավոր խնդիրն է քննարկել պատմության դասերը և հեռանկարները:

«Մեր գերխնդիրն է հասկանալ պատճառները, որոնք հանգեցնում են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի նման երևույթներին և 100 տարի հետո կրկնվում ավելի վատ սցենարներով: Մեր բնակչությունը և նաև քաղաքական էլիտան միշտ չէ, որ կարողանում են տիրապետել քաղաքական մաթեմատիկային:

Այս առումով անհրաժեշտ է ձեռնարկել վճռական քայլեր, որպեսզի բարձրացվի բնակչության քաղաքագիտական մակարդակը ճիշտ կողմնորոշվելու, ճիշտ ընտրություն կատարելու համար, որպեսզի բնակչությունը կարողանա վերլուծել ստեղծված իրավիճակը և տեսնել հեռուն:

Մինչև չհասենք այդ մակարդակին, ցավոք, նման ծանր իրավիճակներ մեր ժողովրդի համար կարող են կրկին լինել: Նաև միշտ չէ գիտակցվում, որ ժողովրդի՝ իր պապենական տարածքում ապրելու իրավունքը, ֆիզիկական գոյության իրավունքը, ազգային իրավունքների պաշտպանությունը սերտորեն կապված են պետականության հետ: Եթե երկիրը չունի ամուր, հզոր պետականություն, նման ռիսկերը գնալով ավելանալու են:

Մեր ժողովրդի գիտակցության մեջ պետք է մտցնել ամուր պետականություն ունենալու չափազանց կարևոր գաղափարը: Եվ վերջապես, որպեսզի երկիրն ունենա ամուր պետականություն, իսկ բանակը՝ մարտունակություն, պետք է երկրի տնտեսությունն ունենա արդյունաբերական նվաճումներ, հատկապես ռազմաարդյունաբերական: Այս ամենին հասնելու համար պահանջվում է անպայման գիտության և տնտեսության ամուր կապ», - ասաց Յուրի Սուվարյանը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր Խաչատուրյանը նշեց, որ  1921 թ.  Մոսկվայի և  Կարսի  պայմանագրերը  հայ ժողովրդի իրավունքների կոպիտ ոտնահարում են: «Կարսի պայմանագրի վավերականության հարցն արդիական է նաև մեր օրերում, քանի որ դրանով պայմանավորված է ներկայիս հայ-թուրքական սահմանը:

Հիմնախնդիրը ոչ այնքան այդ անարդարության մասին վերահաստատումն է, որքան նոր անարդարություններից խուսափելու ելքեր փնտրելը:

Միջազգային իրավունքի տեսանկյունից Մոսկվայի և Կարսի պայմանագրերն անօրինական գործարքներ են և չեն կարող իրավական ուժ ունենալ:

Պայմանագրերը կնքող կողմերից և ոչ մեկն այդ օրերին չէր հանդիսանում միջազգային իրավունքի ենթակա:

Հնարավոր սխալներից խուսափելու, նախկին սխալները չկրկնելու համար կարևոր են այդ պայմանագրերի գիտական քննարկումները, անհրաժեշտ է դրանցից բխող առաջարկներ ներկայացնել թե քաղաքական դաշտին, թե հասարակությանը: Այս գիտաժողովը պատմաճանաչողական նշանակությունից ավելի գիտական, գործնական և քաղաքական նշանակություն պետք է ունենա:

Տարածաշրջանում այսօրվա աշխահաքաղաքական զարգացումները բազմաթիվ  նմանություններ ունեն 100 տարի առաջ եղած իրավիճակի հետ, և այս հանգամանքը ստիպում է վերաքննել այդ օրերին տեղի ունեցածը», - ասաց Հակոբ Տեր Խաչատուրյանը:

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը նշեց, որ 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերը խորը հետք են թողել Հայաստանի ներկայիս պատմության վրա. «Հայաստանի առջև այսօր ծառացած խնդիրների զգալի մասի աղբյուրները գալիս են 1921թ. պայմանագրերի կնքման ժամանակաշրջանից: Մենք պարտավոր ենք նորից ու նորից վերանայել և ուսումնասիրել այդ ժամանակաշրջանի պատմությունը, որպեսզի հետագայում նմանատիպ խնդիրների առջև չկանգնենք և նմանատիպ սխալներ չգործենք»:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը ներկայացրեց «Կարսի պայմանագիրը, պատմություն և արդիական խնդիրներ» զեկույցը:

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը ներկայացրեց «Տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումները ներկա փուլում» զեկույցը: Իսկ պատմական գիտությունների դոկտոր Լևոն Մկրտչյանը ներկայացրեց «100-ամյա դասեր, մարտավարական և ռազմավարական հիմնախնդիրներ» զեկույցը: Գիտաժողովի ընթացքում կհնչեցվեն մի շարք զեկույցներ հայաստանյան և միջազգային փորձագետների, հետազոտողների, պատմաբանների կողմից:

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն հոկտեմբերի 20-ին և 21-ին՝ ՀՀ ԳԱԱ-ի նախագահության շենքում:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Նմանատիպ նյութեր