211652_close_icon
views-count1333 դիտում article-date 10:41 03-11-2021

Ժողովուրդը հո հիմա՞ր չի. ամեն ինչ հասկանում է, սադրանքների չի տրվում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է առաջին անհրաժեշտության մթերքների գնաճ՝ ընդհանուր առմամբ՝ 15,4%, այդ թվում՝ խոզի մսի՝ 40,2%, ձվի՝ 27,4%, կարագի 14,2%, բանջարեղենի՝ 64,5%, կարտոֆիլի՝ 66,7%, շաքարավազի՝ 31,1%. Կա, իհարկե, նաեւ լավ լուր՝ բանանի գինը շարունակում է ցածր մնալ: Պատճառը պարզ է՝ մենք ապրում ենք Նոր Հայաստանում, որտեղ չկան մենաշնորհներ: Բայց չգիտես ինչու՝ մենաշնորհների բացակայությունը դրական է ազդում միայն բանանի վրա, եւ որեւէ կերպ չի անդրադառնում շաքարի եւ կարագի գնի վրա:

Ինչո՞ւ է դա տեղի ունենում: Փաշինյանի ընտրազանգվածի համար ամեն ինչ, կարծում եմ, պարզ է. այդ նախկիններն են հրահանգում բարձրացնել գները՝ ժողովրդի դժգոհությունը գրգռելու համար: Բայց դե՝ ժողովուրդը հո հիմա՞ր չի. ամեն ինչ հասկանում է, սադրանքների չի տրվում, սուսուփուս գնում է թանկացած կարտոֆիլը՝ այն հույսով, որ նախկիններին վերջապես կպատժեն, եւ այդ պահի բերկրանքը կպատճառի թե՛ նյութական եւ թե՛ հոգեւոր բավարարվածություն:

Բայց կա ավելի «բարդ» տեսություն, որը կարելի է կառուցել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի վերջին մեկնաբանության հիման վրա, ըստ որի «ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատել ենք, որ մարդիկ շատ ապրանք չսպառեն, գնաճ չլինի»: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ մարդիկ ապրանք են սպառում նաեւ աշխատանքային օրերին՝ այնպես չի, որ շաբաթվա հինգ օրը մենք սոված ենք մնում եւ ուտում ենք միայն շաբաթ-կիրակի: Եթե այդպես լիներ, գնաճի խնդիրը կարելի էր է՛լ ավելի հիմնավոր լուծել՝ վերացնել նաեւ շաբաթ-կիրակի օրերը, որպեսզի այդ օրերին էլ մարդիկ քիչ ապրանք սպառեն, եւ այդ դեպքում երկրում կատարյալ էժանություն կլինի:

Բայց եկեք այդ նույն տեսությունը տարածենք (այսպես ասած, «էքստրապոլյացիա» անենք) առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման վրա: Այդ դեպքում կստացվի, որ սեպտեմբեր ամսին սպառողները որոշեցին հարձակվել կարտոֆիլի եւ խոզի մսի վրա, դրանց պահանջարկը մեծացավ եւ ագահ մսավաճառներն ու կարտոֆիլավաճառները որոշեցին այդ պահն օգտագործել ու բարձրացնել այդ ապրանքների գները: Առաջ ես կարծում էի, որ թանկացման հիմնական պատճառը ապրանքի դեֆիցիտն է (եւ որքան շատ կարտոֆիլ արտադրվի եւ ներմուծվի, այնքան ապրանքը էժան կլինի), բայց հիմա պարզվում է, որ խնդիրը մեր անսպասելիորեն բորբոքված ախորժակն է: Կրճատենք սպառումը, զսպենք մեր ախորժակները, եւ ամեն ինչ էժան կվաճառվի: 

Դրա լուծումը նույնպես կա: Հայաստանից այս տարվա արդյունքներով անվերադարձ գնացածների թիվը կազմելու է, ենթադրենք, 50 հազար մարդ (դա են ցույց տալիս ամենահամեստ հաշվարկները): Բայց, ըստ այդ տրամաբանության, մենք՝ այստեղ մնացածներս, դրանից շահելու ենք: Ինչո՞ւ: Սպառումը քչանալու է, ապրանքները՝ էժանանալու»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր