211652_close_icon
views-count3554 դիտում article-date 14:36 03-11-2021

Ոստիկանները հեռացնում են անհետ կորածների հարազատներին երթևեկելի հատվածից․ ուղիղ

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները՝ պահանջելով հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և համապատասխան կառույցների ղեկավարների հետ: Նրանք փակել են Տիգրան Մեծ պողոտայի երթևեկելի հատվածը՝ նշելով, որ այն փակ կպահեն այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանը չի ընդունել իրենց:

«Մինչև հանդիպում չկայանա, չենք գնա այստեղից»,-լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորածների հարազատներից մեկը:

Մեկ այլ քաղաքացի էլ դժգոհություն հայտնեց Կառավարության աշխատանքից. «Չեն մտածում էդ երեխաների մասին, ո՛չ քննչականը, ո՛չ ՊՆ-ն, ո՛չ Կառավարությունը»: Հարցին՝ իր կարծիքով՝ ո՞րն է անգործության պատճառը, անհետ կորած զինծառայողի հարազատն արձագանքեց՝ «բոլորն էլ ասում են, որ ծրագրավորված պարտություն է եղել»:

Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկն էլ նշեց՝ եթե պատկան մարմինները ցանկություն ունեն պարզել՝ պատերազմի արդյունքները ինչու եղան այսպիսին, ապա կկարողանան: «Եթե պատերազմի ժամանակ կառավարումը ճիշտ է լինում, զորքերը ճիշտ դիրքերում են տեղակայվում, փախչողներ չեն լինում հենց սպայական անձնակազմի կողմից, այլ պատկեր է լինում»,-ասաց նա:

Վերջինս բոլոր ծնողներին կոչ արեց պարալիզացնել բոլոր փողոցները: «Եթե այս Կառավարությունը չի հասկանում, որ կարելի է ծնողի խոսքը լսել, գալ կոմպրոմիսի, ուրեմն՝ մենք պահանջում ենք բոլոր ծնողներին, որ քաղաքներում էլ գտնվում են, թող բոլոր կենտրոնական փողոցները փակեն»,-ասաց նա:

Տեղում աշխատում են ոստիկանության աշխատակիցները՝ փորձելով բացել ճանապարհը: «Եթե փողոցը փակեցիք, հարցի լուծու՞մ է լինելու»,-ակցիա իրականացնող քաղաքացիներին դիմելով՝ ասաց ոստիկանության ներկայացուցիչը:

Անհետ կորած, զոհված զինծառայողներից մեկի հարազատն արձագանքեց. «Մեր կառավարությունը ոնց է եկել, նստել էս աթոռին. փողոց փակելո՞վ»:

Տեսանյութը՝ Tert.am-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր