211652_close_icon
views-count1451 դիտում article-date 09:44 09-11-2021

Տնտեսության ռիսկերն ու իշխանության զուգահեռ իրականությունը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Արցախյան պատերազմն ու համավարակը Հայաստանի համար շատ լուրջ տնտեսական հետևանքներ են ունեցել, որոնք մինչ այժմ մնում են չհաղթահարված։ Անցյալ տարի ունեցանք 7,6 տոկոս տնտեսական անկում, այնինչ բյուջեով կառավարությունը 2020 թվականի համար 4,9 տոկոս աճ էր նախատեսում։ Իսկ հնարավո՞ր էր 2020 թվականը առնվազն ավելի քիչ տնտեսական անկումով փակել։ Փորձը ցույց է տալիս, որ հնարավոր էր։ Եվ մի շարք երկրներ, որոնց կառավարություններն իրենց հակաճգնաժամային քաղաքականությունը մշակելիս կարողացել են իրավիճակից բխող անհրաժեշտ թիրախային որոշումներ ընդունել, ունեցած ռեսուրսները նպատակային օգտագործել, տարին փակել են չնչին անկումով, իսկ առանձին դեպքերում էլ՝ նույնիսկ աճով։ Խնդիրն այն է, որ մեզ մոտ իշխանությունները համավարակի սպառնալիքին հիմնականում անլրջությամբ էին վերաբերվում։

Անցյալ տարվա տնտեսական անկումը շարունակում է բացասական ազդեցություն ունենալ նաև այս տարվա սոցիալ-տնտեսական վիճակի վրա։ Ճիշտ է՝ 2021 թվականին համաշխարհային տնտեսության վերականգնման հետ մեկտեղ մեր տնտեսությունը ևս վերականգնման միտումներ է ցույց տալիս, սակայն դա այն չէ, ինչ ակնկալվում էր։ Տնտեսության վերականգնման տեմպերը նվազում են՝ ստեղծելով ապագայի հետ կապված նոր ռիսկեր։ Ըստ այդմ, եթե 2021 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, գլխավորապես երկնիշ տեմպերով էր աճում, ապա դրանից հետո աճն էականորեն դանդաղել է։

 Օրինակ՝ այս տարվա ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում էր 23,2%, իսկ արդեն սեպտեմբերին, վիճակագրական կոմիտեի ներկայացրած ամենաթարմ տվյալների համաձայն, տնտեսական ակտիվությունն աճել է ընդամենը 2,4%-ով։ Եվ այս միտումը շարունակվելու դեպքում բացառված չէ, որ շուտով, մասնավորապես առաջիկա ամիսներին տնտեսական ակտիվության անկում կարող ենք ունենալ։ Տնտեսության վերականգնման տեսանկյունից կրկին լուրջ ռիսկեր է ստեղծել կորոնավիրուսի հաստատված դեպքերի ու մահերի թվի ներկա աճը, որն, ըստ էության, իրավիճակին ոչ համահունչ արձագանքելու և հակահամաճարակային կանոնների պահպանման ու պատվաստումների հետ կապված հանրության հետ համարժեք աշխատանքներ չտանելու արդյունք է։ Իսկ այս պայմաններում, երբ երկրում առողջապահական իրավիճակը թողնված է բախտի քմահաճույքին, դժվար է կանխատեսել, թե համաճարակային միտումները մինչև ուր կարող են հասնել և ինչ նոր խնդիրներ ստեղծել տնտեսության համար։ Բայց որ տնտեսության ողջ շղթայում առկա իրադրությունը ոչ բարվոք է, արդեն կասկած չի հարուցում։

Դրան էլ գումարվում է համընդհանուր անորոշությունը, քանի որ տնտեսվարողներն ու բիզնեսն ընդհանրապես չգիտեն, թե գործող իշխանությունների օրոք ինչ գործընթացներ կարող են տեղի ունենալ, քանի որ նրանք պատերազմից հետո զբաղված են միայն հակառակորդին զիջումներ անելով։ Վաղվա օրվա նկատմամբ հավատի պակասի արդյունքում է, որ հազարավոր քաղաքացիներ բռնում են արտագաղթի ճանապարհը ու փորձում իրենց ունեցած միջոցները դուրս հանել Հայաստանից։ Առկա գործընթացների ուղղվածությունն ակնհայտորեն ցույց է տալիս, որ Ամանորից հետո մեզ նոր տնտեսական փորձություններ են սպասվում։

Իսկ իշխանությունները տեղի ունեցող գործընթացներից մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով կրկին զուգահեռ իրականություն են ներկայացնում։ Դրա համար էլ Փաշինյանը հայտարարում է, թե երկրում հազարավոր թափուր աշխատատեղերի խնդիր ունենք։ Սակայն փորձն արդեն ապացուցել է, թե Փաշինյանի նմանատիպ հայտարարություններն ուղղակի արժանահավատ չեն։ Սա՝ շատ մեղմ ասած...»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Նմանատիպ նյութեր