211652_close_icon
views-count2428 դիտում article-date 10:43 09-11-2021

«Հայաստան» դաշինքում կան հետաքրքիր գաղափարներ ունեցող գործիչներ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի այսօրվա համարում․ «Եթե ինձ հարցնեք, թե ով է այն անձը, որն իր գործունեությամբ ամրապնդում է, հարատեւ է դարձնում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ապա իմ պատասխանը միանշանակ կլինի՝ Ռոբերտ Քոչարյանը: Խոսքը դավադրության կամ ինչ-որ պայմանավորվածության մասին չէ, կարծում եմ, երկրորդ նախագահն անկեղծորեն ցանկանում է գահընկեց անել ներկայիս վարչապետին եւ վերադառնալ իշխանության: Բայց, լինելով խորհրդարանում ամենախոշոր ընդդիմադիր խմբակցության փաստացի առաջնորդ եւ փողոցային բողոքի ամենամարդաշատ ցույցերի կազմակերպիչ, Քոչարյանն օբյեկտիվորեն նպաստում է ներկայիս իշխանության երկարաձգմանը:

1/ Որքան էլ քաղաքացիները դժգոհ ու հիասթափված լինեն Փաշինյանի իշխանությունից, որքան էլ համարեն, որ հենց ներկայիս վարչախումբն է աղետալի պարտության մեղավորը, միեւնույն է, մարդկանց մեծ մասը պատրաստ չէ կանգնել Ռոբերտ Քոչարյանի կողքին՝ ինչ-որ գործողություններ ձեռնարկելու համար: Ինձ, օրինակ, ոչ մի ուժ չի ստիպի քաղաքացու կարգավիճակով մասնակցել երկրորդ նախագահի կազմակերպած հանրահավաքին: Քոչարյանը շատերի կողմից չի ընկալվում որպես քաղաքական գործիչ, առավել եւս՝ փողոցային պայքարի առաջնորդ: Պալատներում, ապարատային խարդավանքներում նա, այո, ուժեղ է, գուցե՝ անգերազանցելի, բայց հրապարակում նրա խոսքն անկեղծ չի հնչում: Եվ հիշեցնեմ, որ 2021 թվականին քաղաքացիների մեծամասնությունը ձայն տվեց «ՔՊ»-ին՝ «որպեսզի նախկինները չվերադառնան»:

2/ Ընդդիմության այն մասը, որը ղեկավարում է Ռոբերտ Քոչարյանը, չի առաջարկում որեւէ իրական այլընտրանք իշխանության ներկայիս արտաքին քաղաքական կուրսին: «Հայաստան» դաշինքի ոչ մի ներկայացուցիչ չի ասում՝ «ճղենք, դեն գցենք 2020 թվականի նոյեմբերի 8-ի թուղթը», «հրաժարվենք սահմանագծման կամ սահմանազատման բանակցություններից», «դեմ ենք ճանապարհների ապաշրջափակմանը» կամ որեւէ այլ նման բան: Ըստ էության, ասվում է՝ «մենք կվարենք նույն տիպի բանակցություններ, միայն թե դա կանենք ավելի լավ, քանի որ պարտված իշխանության հետ խոսում են վերեւից ներքեւ, իսկ մեզ հետ կխոսեն՝ հավասարը հավասարի պես»: Չէի ասի, որ այդ դատողությունն ամբողջությամբ անիմաստ է՝ դա գործընթացին որոշակի երանգ է տալիս, բայց, կարծում եմ, չի փոխում դրա բովանդակությունը: «Դավաճան», «կապիտուլյանտ», «հողատու» բառերը զուրկ են քաղաքական բովանդակությունից: Իսկ թե ինչ է նշանակում՝ «դիմակայենք թրքացմանը», ես ընդհանրապես չեմ հասկանում:

3/ Քոչարյանի կազմակերպած հանրահավաքները առիթ են տալիս Փաշինյանին զեկուցելու իր հովանավորին՝ Պուտինին. «Ահա, տեսեք, ռեւանշիստները հավաքվել են՝ նրանք պատերազմ են ուզում, նրանք ուզում են բանակցությունները տապալել: Միակ մարդը, որը կարող է այդ ամենը կանխել, ես եմ»: Եվ Պուտինը, որն այդ հարցերում մշտական կապի մեջ է Էրդողանի եւ Ալիեւի հետ, իհարկե, ամեն ինչ կանի, որ Փաշինյանը մնա, մինչեւ որ իրենց համաձայնեցված ծրագրերն իրականացվեն: 

․․․ «Հայաստան» դաշինքում կան լավ պատրաստված, հետաքրքիր գաղափարներ ունեցող գործիչներ: Քոչարյանը նրանց խանգարում է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր