211652_close_icon
views-count1645 դիտում article-date 18:43 09-11-2021

Արցախի Ազգային ժողովն ընդունել է «Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու անօտարելի իրավունքի մասին» ԱՀ ԱԺ հայտարարությունը

Նոյեմբերի 9-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտահերթ նիստ, որը վարում էր խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը:

Օրակարգում մեկ հարցի քննարկում էր՝ «Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու անօտարելի իրավունքի մասին» ԱՀ ԱԺ հայտարարությունը:

Նախքան օրակարգային հարցին անցնելը ՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն անդրադարձ կատարեց օրվա տարելիցի առիթով՝ ընդգծելով արցախյան 3 պատերազմներում  Ադրբեջանի ցուցաբերած վայրագ ու նենգ նպատակներն ու հայրենիքի նվիրյալների անուրանալի սխրանքն ու նրանց  թողած պատգամը. «Նրանց բոլորի թողած պատգամը թերևս մեկն է՝ ապրել, արա րել, հզորանալ, այս հողի վրա: Ուստի պետք է ապրելով հաղթահարենք այդ ցավը, ապրելով հզորացնենք մեր հայրենիքը, որպեսզի հավերժ ապրի նաև մեր հերոսների անունն ու գործը»:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեցին արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակը:

Իր խոսքում խորհրդարանի ղեկավարը դատապարտեց նախօրեին՝ նոյեմբերի 8-ին ադրբեջանական կողմի հերթական սադրիչ և հանցավոր գործողությունը՝ ուղղված խաղաղ բնակչությանը:

Խորհրդարանը միաձայն ընդունեց ԱՀ ԱԺ հայտարարությունը «Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու անօտարելի իրավունքի մասին»: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ ՆԸ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ԱՊՐԵԼՈՒ ԱՆՕՏԱՐԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ

2020 թվականի աշնանը Ադրբեջանը, Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ, անտեսելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ագրեսիա է  իրականացրել Արցախի Հանրապետության հանդեպ և 44 օր տևած պատերազմի արդյունքում բռնազավթել է  հանրապետության տարածքի մեծ մասը:

Իր պատմական հայրենիքից Արցախի բնակչության բռնի տեղահանության պատճառով հազարավոր ընտանիքներ են ունեզրկվել և հայրենազրկվել, ոչնչացվել ու պղծվել են ազգային-մշակութային և քրիստոնեական հարյուրավոր հուշարձաններ ու կոթողներ:

Մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հաստատված զինադադարով կասեցվել է արյունահեղությունը: Այդուհանդերձ, մեր խորին համոզմամբ, Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության սպառնալիքը կարող է կանխվել, և տարածաշրջանում ապրող ժողովուրդների միջև տևական խաղաղություն կարող է հաստատվել միմիայն Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման, գերեվարված մեր հայրենակիցների ու բռնի տեղահանվածների հայրենի օջախներ վերադարձնելու և ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա հակամարտության կարգավորման պարագայում:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, անհետաձգելի քայլեր ձեռնարկել Արցախի իշխանությունների մասնակցությամբ բանակցային գործընթացը վերսկսելու և հիմնախնդրի համապարփակ լուծումն ապահովելու նպատակով:

Ոգեկոչելով հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր նահատակների հիշատակը և արձանագրելով Արցախի ինքնիշխանության հռչակման ու դրան հաջորդած գործընթացների օրինականությունն ու համապատասխանությունը միջազգային և ներպետական իրավական նորմերին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես բարձրագույն ներկայացուցչական մարմին, վերահաստատում է՝ ազատ ու անկախ Արցախը պահպանելու 1988 թվականին ստանձնած հանձնառությունը և Արցախի Հանրապետության ժողովրդի վճռականությունը՝ հայրենի հողում ազատ ապրելու և արարելու իր իրավունքը պաշտպանելու գործում:

09 նոյեմբերի, 2021թ.

Ք. Ստեփանակերտ

Նմանատիպ նյութեր