Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին, ով ավարտում է առաքելությունը մեր երկրում:
Վարչապետը բարձր է գնահատել պարոն Շարփի կատարած աշխատանքը՝ Հայաստանի և ՄԱԿ-ի կառույցների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՄԱԿ-ի օժանդակությունը մեր երկրին կորոնավիրուսի համավարակի հետևանքների հաղթահարման գործում և ափսոսանք հայտնել, որ ՄԱԿ-ի հումանիտար աջակցությունը մինչ օրս հասանելի չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: «Կայուն զարգացման օրակարգ 2030»-ի համատեքստում վարչապետն ընդգծել է 2021թ. հունիսին ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի միջև ստորագրված՝ Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թթ. շրջանակային փաստաթղթի կարևորությունը:
Շնորհակալություն հայտնելով գնահատականի համար՝ Շոմբի Շարփը նշել է, որ իր համար մեծ պատիվ էր Հայաստանում ծառայելը, և մեր երկրից հեռանում է ջերմ տպավորություններով: Նա բարձր է գնահատել ՀՀ կառավարության հետ համագործակցությունը, ինչի վկայությունը համատեղ արդյունավետ ծրագրերն են: Ընդգծվել է, որ ՄԱԿ-ը կշարունակի մնալ Հայաստանի և հայ ժողովրդի կողքին, աջակցել բարեփոխումների իրականացմանը, բարդ մարտահրավերների հաղթահարմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ՄԱԿ գործընկերության, տարածաշրջանում խաղաղության և կայունության օրակարգի շուրջ:
Վարչապետ Փաշինյանն ամենայն բարիք և հաջողություններ է մաղթել Շոմբի Շարփին հետագա գործունեության մեջ՝ ասելով, որ նա կմնա Հայաստանի և հայ ժողովրդի լավ բարեկամը: