211652_close_icon
views-count2032 դիտում article-date 10:31 12-11-2021

Բանակցված և «պարտված» արդյունքների տարբերությունը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջերս բրիտանացի հայտնի լրագրող Թոմ դը Վաալը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթին, որում հետեւյալ միտքն է հայտնում. «Գրեթե նույն արդյունքը, ինչ կողմերը ստացան 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, նրանք կարող էին ստանալ և առանց պատերազմի»։ Հավանաբար, լրագրողը նկատի ունի, որ, մասնավորապես, Հայաստանը «գրեթե նույն» վիճակի կարող էր հասնել՝ առանց 3700 մարդու զոհաբերելու: Իմ կողմից ավելացնեմ՝ վարչապետը դա չի արել, որովհետեւ չէր ուզում, որ մարդիկ ասեն՝ «Նիկոլ-դավաճան»:

Բայց զուտ մեթոդոլոգիական առումով ինձ թույլ կտամ դը Վաալի մտքի հետ համաձայնել միայն մասամբ: Նախ՝ «պատմական ռեկոնստրուկցիան» («ինչ կլիներ, եթե..») երբեմն օգտակար վարժություն է, բայց 100 տոկոսանոց արդյունք այստեղ ապահովել հնարավոր չէ: Ի՞նչ կլիներ, եթե 2011 թվականին Ադրբեջանը համաձայներ Կազանի փաստաթղթին, եւ հետագա տարիներին այն կյանքի կոչվեր: Իսկ եթե իրագործվեր 1997-ի Տեր-Պետրոսյանի ծրագի՞րը: Պարզ է, որ տարբեր քաղաքական դիրքորոշումներ ունեցող մարդիկ այդ հարցերին կտան տարբեր պատասխաններ: Համենայնդեպս, կարգավորման ոչ մի հրապարակած ծրագրում ասված չէ, որ հայկական ուժերը պետք է դուրս գան Շուշիից եւ Հադրութից: Այնպես որ Թոմ դը Վաալի ասած «գրեթե»-ն զուտ ֆիզիկական չափեր ունի, որոնք իրականում մեզ՝ հայերիս համար շատ մեծ են:

Բայց եկեք մտափորձը շարունակենք եւ ենթադրենք, որ այդ «գրեթե»-ն հավասար է զրոյի: Որեւէ մեկը կարո՞ղ է ասել, որ բանակցված արդյունքը եւ այն արդյունքը, որը ստացվել է պատերազմում պարտության հետեւանքով, քաղաքական առումով նույնն են: Քաղաքական գիտությունը, կարծես թե, ասում է, որ դրանք տարբեր են: Բանակցված արդյունքի դեպքում արձանագրվում է որոշակի կարգավիճակ, որն ամրագրվում է միջազգային ատյաններում: Այս պարագայում դու սուբյեկտ ես, որն ինչ-որ որոշում է ընդունել եւ ներքին ու արտաքին ոլորտում տեր է կանգնում իր որոշմանը:

Պարտության դեպքում, ինչպես տեսնում ենք, ոչ մի բան չի արձանագրվում (եռակողմ հայտարարությունը միջազգային պայմանագիր չէ) եւ հաղթողը հնարավորություն ունի շարունակելու ճնշումը պարտվողի վրա՝ նորանոր զիջումներ կորզելու համար:

Գորիս - Կապան ճանապարհի պատմությունը դրա օրինակներից մեկն է: 2021 թվականի սեպտեմբերի 15-ին ԱԺ ամբիոնից Հայաստանի վարչապետը հայտարարեց. «2020-ի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ճանապարհը (նկատի ուներ Գորիս-Կապան ճանապարհը - Ա.Ա.) անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար»։ 

Բայց այդ «պայմանավորվածությունը», որն, ըստ ամենայնի, ձեռք է բերվել ռուսական կողմի աջակցությամբ, պարզվում է, ոչ մի կոպեկի գին չունի: Ինչո՞ւ: Որովհետեւ դա բանակցված արդյունք չէ՝ երեկ բանավոր պայմանավորվեցին բացել, այսօր բանավոր տեղեկացնում են, որ փակում են:

Հիմա, ԱԺ-ում այդ հայտարարությունից ընդամենը երկու ամիս անց, Փաշինյանն օգտագործում է «Ադրբեջանի տարածք» եւ «հայ-ադրբեջանական տարածք» եզրերը: Բայց դրանք որոշվում են ոչ թե ինչ-որ փաստաթղթով, այլ պատերազմում հաղթողի պարտադրանքով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր