211652_close_icon
views-count9528 դիտում article-date 10:43 12-11-2021

Մաքսային ընթացակարգին անցնելն Ադրբեջանի դեմ է աշխատելու․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Կանխատեսելի էր, որ Գորիս-Կապան ճանապարհի GPS համակարգով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում տեղակայված մաքսակետը Իրանի քաղաքացիներից բացի լրիվությամբ գործելու էր նաեւ Հայաստանի քաղաքացիների համար: Այն ակնհայտ դարձավ, երբ ադրբեջանցիներն սկսեցին մաքսատուրք գանձել այդ հատվածով անցնող իրանական բեռնատարների վարորդներից:

Նկատենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում միջանցքի գաղափարի ջատագովները  միայն Թուրքիան եւ Ադրբեջանն են, ինչն ամենեւին ձեռնտու չէ Հայաստանին, եւ ավելորդ է խոսել նաեւ Իրանի համար անընդունելի լինելու մասին: Նախորդ շաբաթ շահագործման հանձնվեց Տաթեւ-Գորիս ճանապարհահատվածը, որը փոխարինում է Գորիս-Կապան ճանապարհին, եւ որով արդեն մեծ ծավալով բեռնափոխադրումներ են տեղի ունենում:

Այստեղ հիմնական խնդիրը Որոտան եւ Շուռնուխ բնակավայրերն են, ուր տանող միակ բարեկարգ ճանապարհին ադրբեջանցիներն արդեն մաքսակետ են դրել: Այդ համայնքներ տանող այլընտրանքային ճանապարհները հողային ու դժվարանցանելի են, հատկապես ձմեռային ամիսներին, եւ այստեղ առաջնային խնդիր է դարձել դրանց արագ բարեկարգումը: Նկատենք նաեւ, որ Տաթեւ-Աղվանի ճանապարհահատվածի որոշ մասեր նույնպես լրանորոգման կարիք են զգում, քանի որ քարշակներով մեծ բեռնատարների համար դժվարանցանելի են:

Այլ կերպ ասած՝ Ադրբեջանն անցնում է հաղորդակցության ուղիներով օգտվողների մաքսային կանոնակարգման, որը հետագայում աշխատելու է հենց իր դեմ: Բանն այն է, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածի այլընտրանքային ճանապարհները Հայաստանն ունի, իսկ ապագայում Նախիջեւան գնալու համար, Հայաստանի եւ Իրանի տարածքից բացի, Ադրբեջանն այլ ճանապարհ չունի եւ այսպես ասած՝ մաքսային վարչարարության վրա շեշտ դնելը վաղն աշխատելու է հենց Բաքվի դեմ: Վերջինս ստիպված է լինելու բանակցել Հայաստանի հետ՝ տրանզիտային մատչելի մաքսատուրքեր ստանալու համար, քանի որ, բոլոր դեպքերում, իրանական ճանապարհը Բաքվի վրա անհամեմատ ավելի թանկ է նստելու»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր