211652_close_icon
views-count1908 դիտում article-date 10:49 13-11-2021

Սևրի դաշնագիրն է այն գաղափարը, դեպի որը պետք է գնանք․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մոտ կես ամիս առաջ կայացավ «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը՝ նվիրված 1921 թ. Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամյակին: Գիտաժողովին մասնակցեցին նաեւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ Ռուբեն Սաֆրաստյանը եւ ՌԴ գիտությունների ակադեմիայի՝ Եվգենի Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, Վարդգես Արծրունու անվան Սեւ եւ Կասպից ծովերի տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վիկտոր Անատոլիի Նադեին-Ռաեւսկին:

Նրանք այսօր «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Հյուրասրահ» խորագրի շրջանակներում անդրադառնում են այն իրողություններին, որոնց արդյունքում ի հայտ են եկել վերը նշված փաստաթղթերը, գնահատում են դրանք, կատարում որոշակի եզրակացություններ՝ զուգահեռաբար անդրադառնալով նաեւ Հարավային Կովկասում այսօր ընթացող իրադարձություններին:

Մոսկվայի պայմանագիրը, ըստ էության, առ ոչինչ փաստաթուղթ է: Կարսի պայմանագիրը ստեղծվել է նույն Մոսկվայի համաձայնագրի 15-րդ կետի պահանջի համաձայն եւ նույնպես իրավական հիմք չունի, ինչպես Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Իսկ ո՞րն է իրավական այն փաստաթուղթը, որը գործնականում կարող է եւ պետք է կարգավորի Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, եւ որքանո՞վ է հնարավոր վերադարձն այդ փաստաթղթին:

«Այն փաստաթղթերը, որոնք կնքել են Հայաստանի Հանրապետությունն ու Օսմանյան կայսրությունը, ըստ էության, կամ առ ոչինչ են, կամ չեն գործում: Ես միջազգային իրավունքի մասնագետ չեմ, բայց այս առումով, իմ կարծիքով, պետք է հասկանանք, որ անհրաժեշտ է իրավական հիմք տալ այն իրողություններին, որոնք պատմական հիմք ունեն: Ես այդպես եմ կարծում: Ըստ իս՝ մեր մոտեցումներն այդ հարցում ժամանակի հետ պետք է համընթաց լինեն: Այսինքն՝ չպետք է ժամանակից, իրադարձություններից առաջ ընկնել, այլ անհրաժեշտ է շատ ճիշտ հաշվարկել այն պահը, երբ հնարավոր է հարցը բարձրացնել ու ստանալ դրական որոշում: Իսկ դրական լուծումը, իստ իս, Սեւրի պայմանագիրն է: Ուղղակի պետք է կարողանալ շատ ճիշտ հաշվարկել իրադրությունը, քննարկել բարձր մակարդակով՝ վերլուծաբանների, քաղաքագետների, միջազգայնագետների մասնակցությամբ: Շտապել պետք չէ: Նշեմ մի օրինակ. Խորհրդային Հայաստանի վերջին խորհրդարանը, որն ընտրվել էր 1990 թ., հատուկ հանձնաժողով ստեղծեց, որը քննարկում էր այդ պայմանագրերի հարցը: Միտումն այն էր, որ հանձնաժողովը դրանք չեղյալ հատարարելու վերաբերյալ որոշում պետք է կայացներ: Ես նկատի ունեմ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը: Բայց նման որոշում չկայացվեց: Բանն այն է, որ այդ քայլը կարող էր միանգամից դժվար կառավարելի իրավիճակ ստեղծել: Ուստի, կարծում եմ, մեր քայլերը պետք է շատ լուրջ հաշվարկենք՝ ելնելով աշխարհաքաղաքական փոփոխություններից, բայց ունենանք մի մեծ գաղափար, դեպի որը պետք է գնանք: Իսկ դա Սեւրի պայմանագիրն է»,– նշեց Ռուբեն Սաֆրաստյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր