211652_close_icon
views-count1658 դիտում article-date 16:20 28-11-2021

Երեխաները սովորում են՝ ինչպես ստանալ առողջ սնունդ. «Երևան մոլում» անցկացվել է «Կանաչ հանգստյան օրեր» միջոցառումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 27-ին և 28-ին «Երևան մոլում» անցկացվում է «Կանաչ հանգստյան օրեր» (Green Weekend) միջոցառումը։ Կամավորները հողագործության անկյունում սովորեցնում են երեխաներին բույսեր ու սերմեր տնկել, մշակել դրանք։  Այդ ընթացքում մեծահասակները ծանոթանում են կանաչ գյուղատնտեսությանը, որն ապահովում է մարդկանց առողջությունը, պահպանում է բնությունը, աջակցում գյուղական համայնքների զարգացմանը: Միջոցառման մասնակիցների և այցելուների համար ներկայացվում են տեղեկատվական հոլովակներ առողջ սննդի, կանաչ գյուղատնտեսության առավելությունների մասին։

Նշենք, որ Հայաստանում «Կանաչ գյուղատնտեսություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ։

ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը նշում է, որ նման միջոցառումներով ցանկանում են բարձրացնել հանրության իրազեկության աստիճանը կանաչ գյուղատնտեսության վերաբերյալ։

Ըստ նրա՝ կանաչ հանգստյան օրերի ընթացքում կենտրոնացել են երեխաների վրա, քանի որ փոքր հասակից պետք է սովորեցնել չվնասել շրջակա միջավայրը, հոգ տանել բնության նկատմամբ։

Վեցամյա Անին ասում է, որ իրենց տանը բույսեր աճեցնում են, ինքը երբեմն ջրում է, խնամում դրանք, սակայն սերմեր տնկել սովորել է Green Weekend-ի ընթացքում։

Տասնամյա Արտակն էլ խոստովանում է, որ շատ նորություններ իմացավ առողջ սննդի, կանաչ գյուղատնտեսության մասին և այսուհետև կփորձի ծնողներին համոզել, որ գյուղմթերք գնելիս հետաքրքրվեն, թե ինչ մեթոդներով են ստացվել դրանք։

«Կանաչ հանգստյան օրեր» միջոցառումը շարունակվելու է նաև դեկտեմբերի 4-ին և 5-ին։ 
 
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր