211652_close_icon
views-count1571 դիտում article-date 12:23 05-12-2021

Կանաչ գյուղատնտեսությանը նվիրված հանրային իրազեկման ակցիաներ են իրականացվում Երևանի խոշոր առևտրի կենտրոններում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կանաչ գյուղատնտեսությանը նվիրված հանրային իրազեկման ակցիաներ են իրականացվում Երևանի խոշոր առևտրի կենտրոններում։ Նպատակն է երեխաներին փոքր հասակից ծանոթացնել գյուղատնտեսության, բույսերի մշակման հետ, սեր ու հարգանք սերմանել բնության նկատմամբ։ Իսկ մեծահասակները տեղեկանում են կանաչ գյուղատնտեսության առանձնահատկություններին։

Ակցիաների կազմակերպիչներն ու կամավորներն այցելուներին տեղեկություններ են տրամադրում հողը բերրի պահելու, գյուղատնտեսության մեջ ոռոգման ճիշտ օգտագործման և բազմաթիվ այլ թեմաների վերաբերյալ։

Մասնավորապես, երեկ Մեգա մոլում կայացած Green Weekend-ի ընթացքում ներկայացվեց, որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալների համաձայն` գյուղատնտեսությունը աշխարհում սպառում է քաղցրահամ ջրի 70%-ը։ Ինչպես գիտենք դրանք անսպառ չեն, այնպես որ՝ հարկավոր է խնամքով օգտագործել ջուրը։  Կանաչ գյուղատնտեսությունն առաջարկում է կիրառել կաթիլային ոռոգում, որը մի շարք առավելություններ ունի՝ խնայում է ջրային ռեսուրսները, կանխում է հողի էրոզիան, նվազեցնում է մոլախոտերի աճը, ավտոմատացնում է ջրելու գործընթացը։ Այնպես որ՝ օգտագործելով կանաչ գյուղատնտեսություն՝ նպաստում ենք ջրային ռեսուրսների պահպանմանը։

Ըստ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մեկ այլ ուսումնասիրության՝ գյուղատնտեսության համար պիտանի հողերի 33%-ն արդեն իսկ դեգրադացված է, իսկ միջոցներ չձեռնարկելու դեպքում 2050 թվականին կկորցնենք դրանց 90%-ը։ Կանաչ գյուղատնտեսությունը ընտրելու դեպքում կկիրառվեն ագրոտեխնիկական այնպիսի մոտեցումներ, որոնք հոգ կտանեն բնության մասին ու կպահպանեն հողը՝ երաշխավորելով մեր սերունդներին առողջ ու անվտանգ բերք։ Կանաչ գյուղատնտեսությունը առողջարար է նաև այն պատճառով, քանի որ նվազագույնի է հասցնում թունաքիմիկատների կիրառությունը, իսկ վնասատուների դեմ պայքարում կիրառում է այլընտրանքային մեթոդներ՝ ապահովելով առողջ ու անվտանգ սնունդ։      
     
Հիշեցնենք, որ «Կանաչ գյուղատնտեսություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ։  

Այսօր ժամը 17.00-ից Մեգա մոլում կշարունակվի կանաչ գյուղատնտեսությանը նվիրված տեղեկատվական արշավը։ Երեխաները հողագործական անկյունում կսովորեն տնկել ելակի սածիլներ, կլուսանկարվեն, կմասնակցեն մրցույթների։
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր