211652_close_icon
views-count3771 դիտում article-date 10:34 06-12-2021

Ռուս խաղաղապահները սկսել են 400 հա տարածքի ականազերծումը Մարտակերտի շրջանում

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքի տարածքը մաքրում են պայթունավտանգ առարկաներից և ականազերծում են քաղաքը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները կատարում են բնակավայրերի և գյուղատնտեսական նշանակության հողերի ու անասունների արոտավայրերի համար նախատեսված հարակից տարածքների մաքրման խնդիրները:

«Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում սկսվել են գյուղատնտեսական նշանակության հողերի մարդասիրական ականազերծման աշխատանքները: Այսօր ականազերծվել է 1,5 հա տարածք, ընդհանուր առմամբ նախատեսված է մաքրել 400 հա տարածք, աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 2 պայթյունավտանգ առարկա»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Պյոտր Պարշիկովը։

2020թ․-ի նոյեմբերի 23-ից ի վեր ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերը չպայթած զինամթերքից մաքրել են 2 322,1 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1 937 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 078 պայթուցիկ առարկա:

Նմանատիպ նյութեր