211652_close_icon
views-count1335 դիտում article-date 23:16 07-12-2021

Նոր հուշագիր հունական կողմի հետ. ՀԱԱՀ-ում կներդրվի ճշգրիտ գյուղատնտեսության մագիստրոսական ծրագիր

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և հունական «Արատոս գրուպ» ընկերությունն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել, որի համաձայն՝ ՀԱԱՀ-ում կներդրվի ճշգրիտ գյուղատնտեսության մեկամյա մագիստրոսական ծրագիր, և կմշակվեն համատեղ հետազոտական նախագծերի հայտեր ԵՄ-ից համաֆինանսավորվող հետազոտական ծրագրերի համար:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հուշագիրը ստորագրել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը և «Արատոս գրուպ» ընկերության նախագահ Նիկոս Բոգոնիկոլոսը:

Փաստաթղթի կնքման արարողությունը, որը տեղի է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում, ներկա են եղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԲՏԱ նախարարի խորհրդական Հայկ Ասլանյանը և «Արատոս գրուպի»՝ ԵՄ հետ համատեղ ծրագրերի կառավարման պատասխանատու Մանոլիս Խրիսոստալիսը:

Շնորհավորելով ներկաներին հուշագրի կնքման կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է երկու երկրների միջև տարիներ շարունակ ձևավորված բարեկամական հարաբերությունները և վստահություն հայտնել, որ պետք է ավելի սերտացնել այդ  համագործակցությունը:  Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հերթական նախաձեռնությունը կարևոր է Կառավարության կրթական քաղաքականության իրականացման տեսանկյունից:  

«Համալսարանը մեծ աշխատանքներ է իրականացնում այնպիսի նոր որակավորումներ և մասնագիտություններ ներդնելու ուղղությամբ, որոնք լավագույնս կնպաստեն աշխատաշուկայի պահանջների բավարարմանն ու Կառավարության ռազմավարական ծրագրերի իրականացմանը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ հույս հայտնելով, որ հետագայում նմանօրինակ համագործակցություն կլինի նաև ՀՀ մյուս բուհերի հետ:

«Արատոս գրուպի» նախագահ Նիկոս Բոգոնիկոլոսն իր հերթին նշել է, որ ճշգրիտ գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրից բացի՝ գործակցությունը նաև կնպաստի համալսարանի կարողությունների զարգացմանը: Նա շեշտադրել է Հունաստանի հայկական համայնքի կարևոր դերը՝ Հայաստանի հետ համագործակցության և ՀՀ բուհերի՝ եվրոպական կրթագիտական միջավայրում ինտեգրելու գործում:

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի խոսքով՝ «Արատոս գրուպի» գործընկերների մասնագիտական ներուժն ու միջազգային պատկառելի փորձը մեծապես օգտակար կլինեն բուհի համար, որն ագրոտեխնոլոգիական գերազանցության կենտրոն դառնալու ճանապարհին է: Նա վստահություն է հայտնել, որ ընկերության հետ  գործակցությունը բուհին ավելի մրցունակ կդարձնի ազգային և եվրոպական կրթական միջավայրում:

«Արատոս գրուպ» ընկերության ներկայացուցիչներն այցելել են նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարան, որտեղ ծանոթացել են Ջրային և հողային ռեսուրսների կառավարման հետազոտական կենտրոնի, Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի և նորարարական ուսումնական ջերմատան աշխատանքներին:

Նմանատիպ նյութեր