211652_close_icon
views-count1113 դիտում article-date 21:58 14-12-2021

Եգիպտոսում կայացել է Հայաստանի և Լիտվայի գլխավոր դատախազների հանդիպումը

Շարունակվում է ՀՀ գլխավոր դատախազի աշխատանքային այցը Եգիպտոս:
Շարմ Էլ Շեյխում ընթացող Կոռուպցիայի դեմ պայքարի՝ ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկինեի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը:

Երկու երկրների գլխավոր դատախազները քննարկել են իրենց ղեկավարած կառույցների միջև կապերի ընդլայնման հնարավոր ուղիները, քրեական գործերով իրավական փոխօգնության մեխանիզմների գործարկման արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:

Շեշտելով կոռուպցիայի դեմ պայքարի՝ ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի կարևորությունը համամարդկային այս չարիքի կանխարգելման, դրա դեմ պայքարի ունիվերսալ միջոցների մշակման, լավագույն փորձի յուրացման և տեղեկատվության փոխանակման տեսանկյունից՝ Արթուր Դավթյանը և Նիդա Գրունսկինեն քննարկել են հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի կառուցակարգերի բարեփոխումները և դրա շրջանակներում երկու երկրների դատախազությունների միջև առավել թիրախային համագործակցության ծավալման հարցերը: 

Արթուր Դավթյանը շեշտել է, որ բարեփոխումների ոլորտում Լիտվայի Հանրապետության փորձը հետաքրքրում է Հայաստանի Հանրապետությանը՝ հաշվի առնելով հետխորհդրային ընդհանուր ժառանգության պայմաններում հակակոուպցիոն պայքարի եվրոպական չափորոշիչների տեղայնացման ուղղությամբ արձանագրած հաջողությունները: 

ՀՀ գլխավոր դատախազն իր գործընկերոջն ընդհանուր գծերով ներկայացրել է այս ուղղությամբ Հայաստանում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումները, պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, նախնական քննության և դատաքննության փուլերում կոռուպցիոն քրեական գործերով քննությունների մասնագիտացման և այլ կառուցակարգերի ներդրման գործընթացները:

Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազը շեշտել է իրենց շահագրգռությունը ՀՀ գլխավոր դատախազության հետ կապերին նոր որակ հաղորդելու, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շրջանակը հստակեցնելով այդ ուղղություններով գործակցությունն ամրապնդելու առումով: 

Այս հարցերն առավել հանգամանալից քննարկելու, հարաբերությունները զարգացնելու նոր մեկնարկ ապահովելու համատեքստում տիկին Գրունսկինեն  Արթուր Դավթյանին հրավիրել է այց կատարել Լիտվա:                   

Նմանատիպ նյութեր