211652_close_icon
views-count4055 դիտում article-date 10:19 15-12-2021

Հարաբերությունները վերսկսելու Անկարայի անդրանիկ քայլը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Առանց նախապայմանների հարաբերությունների վերսկսման Հայաստանի առաջարկը կարծես թե ընկալվել է Թուրքիայի ներկայիս ղեկավարության կողմից: Վերջին կես տարում Հայաստանի հետ տնտեսական-քաղաքական փոխգործակցություն վերսկսելու մասին Էրդողանի եւ Չավուշօղլուի նախապայմաններով համեմված հայտարարություններին օրերս հետեւեց, թերեւս, նման ոչ կառուցողական տարրեր չպարունակող առաջին հայտարարությունը: Թուրքիայի խորհրդարանում երկրի ԱԳ նախարարության բյուջեի քննարկման ժամանակ ելույթ ունենալով՝ Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանն ու Թուրքիան հատուկ բանագնացներ կնշանակեն, որոնք կքննարկեն հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։ Վերջինս նաեւ չանտեսեց իր «կրտսեր եղբորը»՝ Ադրբեջանին՝ ասելով, որ Անկարան Բաքվի հետ կհամակարգի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման իր քայլերը։ Նա խորհրդարանին նաեւ տեղեկացրել է, որ երկրները կվերսկսեն չարտերային թռիչքները Ստամբուլի եւ Երեւանի միջեւ։

Հայ-թուրքական վերսկսվող հարաբերություններում Ադրբեջանի գործոնի հիշատակումը, թերեւս, կարող է մեկ բացասական միտում ունենալ, այն է՝ որպես հարաբերությունների վերսկսման պայման բանակցային սեղանին Թուրքիայի կողմից ադրբեջանական շահերի լոբբինգը: Եթե Անկարան նման քաղաքականություն որդեգրի, ապա դա կնշանակի նույն նախապայմաններով երկխոսելու տարբերակը, իսկ այդ տրամաբանության ներքո Թուրքիային ուղղված հայկական կողմերի նախապայմաններն անհամեմատ ավելի ծանրակշիռ ու հիմնավոր կլինեն: Մյուս կողմից էլ այնպես չէ, որ Հայաստանը մեծ խանդավառությամբ է բացում իր տնտեսության դռները Թուրքիայի բազմապատիկ մեծ տնտեսական շուկայի առաջ: Այստեղ հավանականությունը մեծ է, որ այն շատ արագ կկլանի հայկական տնտեսությունը, եթե մեր կողմից մինչեւ սահմանների բացումը համապատասխան մեխանիզմներ չներդրվեն: Մեր աչքի առաջ են Սիրիայի եւ Լիբանանի օրինակները, երբ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների սերտացման հետեւանքով այդ երկրներում որոշ արտադրություններ կանգ առան՝ չկարողանալով դիմակայել թուրքական էժան, թեկուզ եւ անորակ արտադրանքի ներխուժմանը: Սրանք հարցեր են, որոնք այսօր հուզում են հայ տնտեսավարողներին եւ քաղաքացիներին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր