211652_close_icon
views-count1597 դիտում article-date 12:04 18-12-2021

Հայրենադարձությունը իմ և ներկա բոլոր երիտասարդների կյանքում ամենաճիշտ և պայծառ որոշումն է լինելու. Զարեհ Սինանյան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Հայրենադարձության շաբաթ» նախագծի  շրջանակներում անցկացվեց շուրջ 80 երիտասարդ հայրենադարձների ծանոթության և մտքերի փոխանակման երեկո: Միջոցառումը կրում էր  ոչ ֆորմալ բնույթ, որին մասնակցում էին հայրենադարձներ՝ շուրջ 20 երկրներից:
 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ  սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը  կարևորեց նման միջոցառումների անցկացումը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ծանոթանալու, շփվելու և  հետաքրքիր, գաղափարներով ու մտքերով կիսվելու:  «Հայրենադարձությունը շատ դժվար որոշում է, բայց ես համոզված եմ, որ իմ և ներկա բոլոր երիտասարդների կյանքում ամենաճիշտ և պայծառ որոշումն է լինելու: Չնայած այն բոլոր դժվարություններին և դարակազմիկ երևույթներին՝ որոնք տեղի ունեցան մեզ հետ անցյալ տարի, հայրենադարձությունը իրականացվում է, մարդիկ շարունակում են գալ Հայաստան և ապրել այստեղ: Պետք է նշեմ, որ գալիս են նաև շատ երիտասարդներ: Մենք  ամեն կերպ փորձում ենք իրենց քաջալերել ու ստեղծել ենթակառուցվածքներ, ինչի արդյունքում կունենանք ավելի մեծ քանակի հայրենադարձներ, իրենք էլ ամեն օր համոզված կլինեն, որ ճիշտ որոշում են իրականացրել»,-ասաց Սինանյանը:

Զարեհ Սինանյանը շեշտեց, որ այս պահին ստեղծում են հայրենադարձության ինտեգրման կենտրոն, որը ձևավորում են այլ երկրների փորձի հիման վրա: Կենտրոնի  նպատակն է՝ վերացնել բյուրոկրատական քաշքշուկները՝ կապված հայրենադարձության հետ, որպեսզի  ամեն հայրենադարձված անձ կամ ընտանիք գործ ունենա ընդամենը մեկ անձի հետ, ով հետագայում կլուծի բոլոր գերատեսչությունների հետ առկա խնդիրները: Ինչպես նաև համագործակցում են մի քանի ընկերությունների հետ, որտեղ միջնորդի դեր են խաղում՝ հայրենադարձներին բերելու և համապատասխան ոլորտներում աշխատանքի տեղավորելու համար:

ARCTX ընկերության հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար Մուշեղ Ասլիկյանը նշեց, որ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ ստորագրել են հուշագիր, որի նպատակն է սփյուռքի ներուժը օգտագործել և լուծել տեղի IT կազմակերպություններում առկա մասնագետների պակասի խնդիրը և տալ հնարավորություն մեր հայրենադարձներին վերադառնալ հայրենիք՝ ունենալով սիրելի և համապատասխան աշխատանք:

Սևանա Չաթրյանը այն երիտասարդներից է, ով արդեն 6 տարի է Փարիզից  վերադարձել և բնակվում է Հայաստանում: Սևանան երաժիշտ է: Իր խոսքով՝ տեղափոխվել է Հայաստան, քանի որ հասկացել է, որ  այստեղ երաժշտության  ոլորտում կան բացեր, ու ինքը անելիքներ շատ ունի: «Հրավերը  ստացել եմ  ու երկու տարի համագործակցել եմ «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի հետ, այնուհետև «Թումո»-ի, «ԱՅԲ» դպրոցի հետ  ու այսպես էլ առիթ չունեցա հետ գնալու: Այժմ էլ դեռևս  ցանկություն չունեմ վերադառնալու»,-ասաց նա:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող Հայրենադարձության շաբաթը մեկնարկել է դեկտեմբերի 13-ին և կտևի դեկտեմբերի 19-ը ներառյալ:

Նմանատիպ նյութեր