211652_close_icon
views-count1795 դիտում article-date 10:37 21-12-2021

Ի՞նչն է մարդկանց այլասերում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ժամանակակից հրապարակախոսության մեջ (նաեւ հայկական) ընդունված է մեջբերել լորդ Դալբերգ-Աքթոնի ասույթն այն մասին, որ բացարձակ իշխանությունը այլասերում է բացարձակապես: Տեսականորեն դա, իհարկե, ճիշտ է, բայց եթե խոսքը Հայաստանի նման երկրի մասին է, ապա այդ բանաձեւը կիրառելի չէ, որովհետեւ մեր տիպի ավտորիտարիզմի դեպքում իշխանությունը բացարձակ չի լինում:

Ժամանակները փոխվել են: Ինչպես կատակել է ռուսաստանցի քաղաքագետներից մեկը՝ 20-րդ դարում նման ռեժիմները 80 տոկոսով հիմնված էին բռնաճնշումների, 20 տոկոսով՝ քարոզչության վրա, իսկ հիմա, 21-րդ դարում հիմնականում հակառակն է՝ 80 տոկոս քարոզչություն, 20 տոկոս բռնաճնշումներ: Իհարկե, եթե դուք մտնում եք այդ 20 տոկոսի մեջ (ասենք, Գորիսի քաղաքապետն եք կամ Վանաձորի նախկին համայնքապետը), եթե դուք քաղաքական վրեժխնդրության պատճառով բանտերում հայտնվածների ընտանիքների անդամներ եք, ապա ձեզ քիչ է սփոփելու այն հանգամանքը, որ Հայաստանի եւ, ասենք, Ադրբեջանի կամ Բելառուսի միջեւ տարբերություն, այնուամենայնիվ, կա, եւ, ի դեպ, միշտ եղել է: Այդքանով հանդերձ, 37 թվի հետ համեմատությունները խիստ չափազանցված են:

Մեր դարաշրջանում իշխանությանն այլասերում է ոչ թե բացարձակ լինելը, այլ մեկուսացումը՝ տեղեկատվական պատյանի (information bubble – ի) մեջ հայտնվելը, «լայքասիրությունը», քծնողներով եւ փառաբանողներով շրջապատվելը: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ հիվանդությունը այլասերում է ոչ միայն իշխանությանը, այլեւ այս կամ այն չափով՝ նաեւ մեզ բոլորիս: Տեսեք, թե քանի մանր խմբերի է բաժանվել մեր հասարակությունը: Նախ՝ դրանք Հայաստանի 4 ղեկավարների երկրպագուների առանձնացած խմբակներն են: Այնուհետեւ կան նաեւ հակառուսական եւ ռուսասեր, ազատական եւ ազգայնական, «ոչմիթիզհողական» եւ «փոխզիջողական», «հականախկինական» եւ «հականերկայական» աղանդներ, ինչպես նաեւ «ծառուկյանականներ», «սամվելբաբայանականներ» եւ անգամ «վուդրովիլսոնականներ»: Ես կարող էի եւս մի քանի համակարգչային էջերով շարունակել այդ թվարկումը՝ հասնելով մինչեւ հակապատվաստումային շարժումը:

Բայց սկզբունքը պարզ է. մարդիկ սոցցանցերի միջոցով բաժանված են մի քանի հարյուր ֆորմալ եւ ոչ ֆորմալ խմբերի, որոնց անդամներն ի վիճակի են ընկալել միայն խմբի ներսում արտահայտվող տեսակետները եւ զայրույթով մերժում են խմբից դուրս հնչող որեւէ կարծիք: Կոգնիտիվ հոգեբանության մեջ դա կոչվում է «էխո-խցիկի էֆեկտ», երբ խցիկի ներսում գտվող մարդը կարող է լսել միայն սեփական ձայնի արձագանքը: Երբ ասվում է, որ ներկայիս իշխանությունն ապրում է «ֆեյսբուքյան սկզբունքներով», դա, իմ կարծիքով, առնչվում է հենց այդ առանձնահատկությանը: 

Այդ տրոհված, ատոմիզացված հասարակության մեջ, երբ չկան շփման եզրեր, մենք չենք կարող մի կողմ դնել մեր անձնական եւ քաղաքական նախասիրությունները ոչ միայն Թուրքիայի հետ բանակցություններում մեր բանագնացի հարցում, այլեւ չենք կարող լիաթոք ուրախանալ մանկական «Եվրատեսիլում» հայ երեխայի հաղթանակով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր