211652_close_icon
views-count2162 դիտում article-date 10:49 21-12-2021

Իշխանությունը, պարտության առաջնային շոկը չհաղթահարած, նետվեց «խաղաղության դարաշրջան» բացելու. «168 ժամ»

«168» ժամ թերթը գրում է․ «Ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ինչ անելու են և անում են պատերազմում տարած հաղթանակը հնարավորինս արագ նաև քաղաքական  արդյունքների վերածելու համար։ Դրա համար նրանց օր առաջ պետք է Հայաստանի հետ խաղաղություն կնքել ու հասնել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման։ Այն պարզ պատճառով, որ Հայաստանը՝ որպես պարտվող կողմ, հիմա գտնվում է իր պատմության մեջ ամենաթույլ վիճակում և հեշտորեն համաձայնելու է թուրք-ադրբեջանական բոլոր պայմաններին։

Խելամիտ իշխանություն ունենալու դեպքում Հայաստանը, հակառակը, ամեն ինչ պետք է աներ քաղաքական դադար վերցնելու, այդ ընթացքում պետական կառավարման համակարգերը նոր իրողություններին ադապտացնելու համար, ինչը հնարավորություն կտար որոշ ժամանակ անց և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ հարաբերություններում հանդես գալ անհամեմատ ավելի ամուր դիրքերից։

Այդ դադարը վերցնելու փոխարեն, սակայն, Հայաստանի իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, պատերազմում կրած խայտառակ պարտության անգամ առաջնային շոկը չհաղթահարած՝ նետվեց «խաղաղության դարաշրջան» բացելու՝ ինքնամատուցվելով Ադրբեջանին ու Թուրքիային։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն արեց այն, ինչը բխում էր ոչ թե պատերազմում պարտված Հայաստանի, այլ հաղթած կողմերի՝ պատերազմից հետո նաև քաղաքական հարթությունում հաղթանակներ արձանագրելու ցանկություն ունեցողների շահերից։ Սա է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ներկայիս գործընթացի ամենախորքային խնդիրը և ոչ Հայաստանի կողմից բանակցողի մասնագիտական փորձը կամ լրջության աստիճանը։

Հայաստանը՝ որպես պետություն, այս գործընթացում իրեն պահում է այնքան անլուրջ ու այնքան ինքնատրվող, որքան ընտրված բանակցողի որակներն են, այսինքն՝ դրանց բացակայությունը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր