211652_close_icon
views-count1903 դիտում article-date 22:11 23-12-2021

Հանրային տրանսպորտում ո՞ր տեղերն են առավել վտանգավոր համավարակի ժամանակ

Կորոնավիրուսով, ինչպես նաեւ գրիպով եւ սուր շնչառական վիրուսով վարակվելու ռիսկը հատկապես բարձր է այն մարդկանց մոտ, ովքեր կանոնավորապես օգտվում են հանրային տրանսպորտից։ Նոր հետազոտության հեղինակները պարզել են, թե որտեղ է ավելի լավ նստել ավտոբուսում համավարակի ժամանակ։

Իմանալու համար, թե ինչպես են վիրուսային աերոզոլները շրջանառում հանրային տրանսպորտում, IBM Research Europe հետազոտական ընկերության մասնագետները մշակել են օդի, գոլորշիացման, ջերմահաղորդման դինամիկայի, խոնավության եւ օդային հոսքերի վիզուալ մոդելը ուղեւորատար ավտոբուսում։ Այնուհետեւ նրանք դիտարկել են, թե ինչ է տեղի ունենում, երբ ուղեւորներից ինչ-որ մեկը խոսում է, եւ ինչպես են վիրուսի մասնիկներ պարունակող օդի կաթիլները հայտնվում տարածությունում։

Գիտնականները պարզել են, որ շրջապատում գտնվողների համար ամենաքիչ վտանգավոր են այն ուղեւորները, որոնք նստած են պատուհանի մոտ. ավտոբուսում օդային հոսքերի ազդեցության տակ արտաշնչումից առաջացած կաթիլները բարձրանում են վերեւ եւ շատ քիչ չափով են տարածվում այլ մարդկանց վրա։ Եթե նստելատեղերը երեքտեղանի են, ամենից շատ աերոզոլներ շրջապատողների վրա հայտնվում են մեջտեղում նստածներից։ Իսկ վիրուսի տարածման ամենամեծ վտանգը ստեղծում են անցման մոտ նստած մարդիկ. եթե մարդը հիվանդ է, ապա խոսելու ժամանակ աերոզոլը ակնթարթորեն վերեւ է բարձրանում եւ փոխանցվում մյուս ուղեւորներին։

Վարակվելուց խուսափելու համար խորհուրդ է տրվում որքան հնարավոր է հեռու մնալ այն մարդկանցից, ովքեր նստած են ավտոբուսի անցման մոտ, ինչպես նաեւ չմոռանալ պաշտպանության այլ միջոցների մասին՝ փակ տարածքներում կրել դիմակներ, հնարավորության դեպքում պահպանել սոցիալական հեռավորություն եւ մշտապես լվանալ ձեռքերը կամ վարակազերծել դրանք հատուկ լուծույթներով։

Նմանատիպ նյութեր