211652_close_icon
views-count1681 դիտում article-date 20:05 26-12-2021

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հիշեցրել է ԶԼՄ-ների վերաբերյալ օրենսդրական փաթեթի դրույթները

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում մանրամասներ է ներկայացրել 2022-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Զանգվածային լրատվության մասին» օրենքում, Քաղաքացիական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի դրույթների մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրառման մեջ նշված է.

«Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում, Քաղաքացիական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։

Ըստ առաջարկվող նախագծի` լրատվամիջոցները չեն ազատվի պատասխանատվությունից ֆեյքերին հղում անելու դեպքում։

ԶԼ մասին օրենքով սահմանվում է «չնույնականացվող աղբյուր» հասկացությունը,

լրատվական գործունեություն իրականացնողը չի ազատվում տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից, եթե այն չնույնականացվող աղբյուրի տարածած տեղեկատվության վերարտադրությունն է՝ անկախ այդ չնույնականացվող աղբյուրին հղում կատարելու հանգամանքից,
սահմանվում է նույնականացման տվյալների ցանկ, որոնք պարտադիր են լրատվական գործունեություն իրականացնողների համար (չներկայացնելու դեպքում՝ վարչական տույժ),
վերախմբագրվել է ֆինանսական թափանցիկության մասին հաշվետվության հոդվածը՝ հստակեցնելով ֆինանսավորման աղբյուրները և հաշվետվության ձևը (չներկայացնելու դեպքում՝ վարչական տույժ),
նույնականացման տվյալների բացակայության և հաշվետվության հրապարակման պահանջի չկատարման դեպքում լրագրողի հավատարմագրումը պետական մարմիններում ենթակա է մերժման։
Օրենքն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից։

Չնույնականացվող աղբյուրների սահմանումը նորություն է ոչ միայն ներհայաստանյան օրենսդրության մեջ, այլեւ միջազգային պրակտիկայում, ինչը կօգնի ապօրինի տեղեկատվության դեմ պայքարի գործում»։

Նմանատիպ նյութեր