211652_close_icon
views-count3792 դիտում article-date 12:04 27-12-2021

Մենք կորցրել ենք վերահսկողությունը ոչ միայն 40-45 քառակուսի կմ-ի վրա, այլև տասնապատիկ ավելի մեծ տարածքների նկատմամբ․ չի կարելի պաշտպանության գերատեսչության ղեկավարներին փոխել «նասկու» պես․ Ռ․ Քոչարյան

Tert.am-ը գրում է. Անվտանգության ոլորտն այս տարի ՀՀ-ի համար կատարալ ձախողվել է, ոչ մի հարց այս տարվա ընթացքում չի բարելավվել։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Եղել է տարածքների կորուստ, իշխանությունն ընդունում է, որ 40 քառակուսի կիլոմետրից ավելի տարածք գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ,  բայց իրականում մենք չենք վերահսկում շատ ավելի մեծ տարածքներ։ GPS սահմանագծման պատճառով ադրբեջանական զորքերը դիրքավորվել են իրենց ենթադրյալ սահմանի բերանով, մենք ստիպված ենք եղել հետ քաշվել 500 մետրից մինչև 1-1,5 կմ, որոշ տեղերում՝ մի քիչ ավելի շատ։ Նույնը կատարվել է ոչ միայն Վարդենիս-Արաքս հատվածում, այլև Նախիջևանի՝ դեռ մինչև պատերազմը։ Մենք կորցրել ենք վերահսկողությունը ոչ միայն 40-45 քառակուսի կլիոմետրի վրա, այլև տասնապատիկ ավելի մեծ տարածքների նկատմամբ։ Սա փաստ է»,-հայտարարեց Քոչարյանը։

Վերջինս ընդգծեց, որ ՀՀ-ն կորցրել է նաև կարևորագույն ճանապարհների օգտագործման հնարավորություն, եղել է մի քանի տասնյակ զոհ, մոտ 30 վիրավոր և ավելի քան 30 նոր ռազմագերիներ։

«Տարվա ընթացքում ոչինչ չի արվել  բանակի մարտունակությունը բարձրացնելու համար։ 2-3 դիրքերի համար մարտական գործողությունների համար 30-ից ավելի գերի ունենալը խոսում է բանակում լրջագույն խնդիրների մասին։ Այդպես չի լինում։ Սրա հիմնական բացատրությունը կարող է լինել այն, որ մեր զինվորները եղել են երկրի առաջին դեմքի արտահայտության տպավորության տակ՝ «մենք հո մեկ սարի համար չենք պատերազմելու»։ Սա նույն է, որ արաբներն ասեն՝ հո անապատի համար չենք պատերազմելու։ Սա «էստի համեցեք» է ադրբեջանցիների համար»,-ասաց նա։

Ըստ Քոչարյանի՝ այս տարվա ընթացքում ոչինչ չի արվել՝ բանակի կորցրած սպառազինության վերականգնման ուղղությամբ, չի հրապարակվել զոհվածների ամբողջական թիվը։

«Բանակի բյուջեն այնպիսինը չէ, որ մենք հույս փայփայենք, որ հաջորդ տարվա ընթացքում այս հարցերն իրենց լուծումն ստանալու են։ Անհնար է այս ռազմական բյուջեով լուծել այսպիսի հարցեր։ Հարց է առաջանում՝ ով է սրա համար պատասխանատու։ Մեկ տարվա ընթացքում երեք նախախար է փոխվել, ոչ մեկը պիտանի չէր այդ գործի համար։ Չի կարելի պաշտպանության գերատեսչության ղեկավարներին փոխել «նասկու» պես»,-հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահը։

Նմանատիպ նյութեր