211652_close_icon
views-count1599 դիտում article-date 15:34 29-12-2021

ՔՈԳՎ ծառայողները բնակարանային և այլ գողությունների, ավազակության, ավտոառևանգման դեպքեր են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աբովյան քաղաքի Գեղարդի փողոցի 3-րդ շենքի բնակարաններից մեկից գողություն էր կատարվել։
Հափշտակել էին ոսկյա և արծաթյա զարդեր, ժամացույցներ, բջջային հեռախոս և այլն։

Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ձեռնարկելով մի շարք օպերատիվ միջոցառումներ, փաստական տվյալներ ձեռք բերեցին գողությունը կատարած անձանց ինքնության վերաբերյալ։ Կասկածվողներին հայտնաբերելու միջոցառումները գլխավոր վարչության ծառայողները իրականացրին՝ համագործակցելով Կոտայքի բաժնի քրեական հետախույզների հետ։

Արդյունքում` դեկտեմբերի 25-ի գիշերը Երևանի բնակիչներ` 29 և 44-ամյա տղամարդիկ հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվեցին բնակարանից գողացված իրերը։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին, որոնց շնորհիվ բացահայտվեցին այլ հանցագործություններ։

Հայտնի դարձավ, որ բերման ենթարկվածները բռնվելու նախորդ օրը՝ դեկտեմբերի 24-ի գիշերը, փախցրել են Վարդանանց փողոցում կայանված «Կիա» մակնիշի ավտոմեքենա։

Ավտոմեքենան պարեկները հայտնաբերել ու տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Մեքենան փախցնելուց հետո ուղևորվել են Աբովյան քաղաքի Ռոստովի փողոց, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել խանութներից մեկի դուռն ու դրամարկղից գողացել 250 հազար դրամ։ Այս դեպքից ժամեր անց էլ մտել էին Աբովյան քաղաքի Գեղարդի փողոցի բնակարաններից մեկն ու գողությունից հետո դարանակալած ոստիկանների կողմից բռնվել։

Պարզվեց նաև, որ գողություն են արել դեկտեմբերի 13-ին։ Այս դեպքում թիրախը շինանյութի խանութ էր։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ բերման ենթարկվածներից 29-ամյա երիտասարդը Երևանի ոսկու խանութ-սրահներից մեկում նկատել է մոտը ոսկեղեն ու փող  ունեցող մի կնոջ, որին հետևել է մինչև տուն, հետևից մտել ներս, կնոջը գցել է ու հափշտակել մոտի փողն ու ոսկին։ Նրանք կալանավորվել են։ Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։  

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր