211652_close_icon
views-count1669 դիտում article-date 21:19 14-01-2022

Երևանի կենտրոնում այսուհետ կգործի պատվաստումային շարժական նոր կետ

Հանրապետության Հրապարակում պատվաստումային շարժական նոր կետ է բացվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունվարի 14-ին պատվաստումային շարժական կետ այցելեց նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝  Հայաստանում պատվաստումային գործընթացը ավելի հեշտ և մատչելի դարձնելու ամենալավ տարբերակը պատվաստումային շարժական կետեր բացելն է։ Ավանեսյանը նաև կարևորեց կորպորատիվ այցերը աշխատավայրեր, որոնք մարդկանց թույլ են տալիս առանց աշխատանքից կտրվելու պատվաստվել։

«Գիտենք, որ բավարար բանուկ վայր է այստեղ, փորձեցինք նաև այս հատվածում իրականացնել պատվաստումները։ Եվ մեր այսօրվա շարժական կետի բացումը այս նպատակին է ծառայելու, որպեսզի մեր քաղաքացիները շատ ժամանակ չկորցնելով մոտենան և պատվաստեն, պաշտպանեն իրենց առողջությունը, կյանքը։ Տեսնում ենք, որ նորանոր շտամեր են ի հայտ գալիս, տարածում են ստանում, բայց ի վերջո պատվաստումները դեռ պահպանում են իրենց արդյունավետությունը մարդուն ծանր կամ ծայրահեղ ծանր դեպքերից պաշտպանելու առումով»,- նշեց նախարարը։

Քաղաքացիները ամբողջական պատվաստումը ստանալուց հետո, վեց ամիսը լրանալուն պես, կարող են երրորդ խթանիչ դեղաչափը ստանալ, իսկ եթե ցանկանում են երրորդ դեղաչափը վեց ամսից շուտ ստանալ ճամփորդելու կամ ուրիշ հանգամանքների բերումով, տեխնիկական որոշ կարգավորումներից հետո կկարողանան։

Շարժական բոլոր կետերում հասանելի են նաև գրիպի դեմ պատվաստանյութերը։

«Սեզոնային գրիպը դեռ ավարտված չէ, և շատ կարևոր է պատվաստվել նաև գրիպի դեմ։ Այդ երկու պատվաստումների միաժամանկյա անցկացնելու որևէ հակացուցում չկա, և քաղաքացին կարող է երկուսն էլ պատվաստվել»,- եզրափակեց նախարարը։

Նմանատիպ նյութեր