211652_close_icon
views-count2832 դիտում article-date 15:30 18-01-2022

Արմեն Չարչյանի առողջությունը քայքայվել է, նա դեռևս չի ապաքինվել. Արամ Վարդևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանի առողջությունը քայքայվել է քրեակատարողական հիմնարկում անցկացրած ժամանակահատվածում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Նա դեռևս չի ապաքինվել և ռեաբիլիտացվել այն աստիճանի, որ կարողանա առօրյա աշխատանքային ռեժիմի մեջ լինել, բայց հույս ունենք, որ առաջիկայում կտեսնենք նրան Ազգային ժողովի աշխատանքներին մասնակցելիս»,- ասաց Վարդևանյանը։

Նա նշեց, որ իրավական գործընթացներ են սկսելու Չարչյանին անհիմն կալանավորելու հարցով։

«Վստահ եմ, որ նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը այդ հարցում ևս հետևողական է լինելու, նաև մենք այդ հարցը մշտապես բարձրաձայնելու ենք»,- եզրափակեց Վարդևանյանը։

2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Դեկտեմբերի 10-ին դատարանը որոշում էր կայացրել Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոփոխել և որպես խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին։ Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Նմանատիպ նյութեր