211652_close_icon
views-count3026 դիտում article-date 11:01 22-01-2022

Գազի գնի բարձրացման այս տարբերակը վատագույնն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ Արմեն Մանվելյանի կարծիքով, ապրիլի 1-ից սպասվելիք գազի թանկացումը հարված է հասցնելու տնտեսության բոլոր ճյուղերին:

«Օրերս հրապարակված հայտարարության մեջ խորամանկ ձև է օգտագործվել: Այդուհանդերձ, փաստը մնում է փաստ, որ ապրիլի 1-ից սահմանին գազի գնի նոր սակագին կունենանք: Սահմանին գազի գինն ավելանում է մոտ 13 դոլարով կամ ընդհանուր գնի մոտ 6 տոկոսի չափով, ինչն արդեն նաև Հայաստանի ներսում է գազի սակագնի բարձրացման հանգեցնելու: Ես նախկինում հարցազրույցների ժամանակ նշել էի, որ սահմանին ներկայումս գործող սակագինը երկար չի պահպանվի, և վաղ թե ուշ գները փոխվելու են: Նույնիսկ եթե գազի գինը սահմանին չբարձրացվեր, «Գազպրոմ Արմենիան» վաղուց ՀՀ ներսում գազի սակագնի բարձրացման հարցով համապատասխան մարմիններին դիմելու մտադրություն ուներ: Հիմա, սակայն, գործընթացը կատարվել է վատագույն տարբերակով»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Մանվելյանը:

Այս համատեքստում փորձագետը շեշտեց, որ ապրիլի 1-ից գազի գները բարձրացնելու որոշման մասին հունվարի վերջին հայտարարելն իր հերթին է խնդիրներ առաջացնելու: «Սա շատ վատ կանդրադառնա տնտեսության վրա: Խոսքը տնտեսական բոլոր սուբյեկտների մասին է, որոնց թվում՝ նաև ջերմատնտեսություններն են, գյուղատնտեսությունը, ինչպես նաև վերամշակող արդյունաբերությունը: Եվ ամենաբացասական հանգամանքն այն է, որ գները բարձրանում են նաև սոցիալապես անապահով խավերի համար: Եթե նախկինում 600 խմ գազ սպառելու դեպքում վճարում էին տարեկան 100 հազար դրամ, ապա այս ֆորմուլան հիմա փոխվել է՝ դառնալով 135 հազար դրամ: Բացի այդ, 600 խմ-ից ավելի սպառելու դեպքում նոր հաշվարկներ են լինելու: Ջերմակայանների համար ևս գները բարձրանում են: Հաշվի առնելով, որ Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 40 տոկոսը ջերմակայանների վրա է ընկնում, սա նշանակում է, որ կրկին էլեկտրաէներգիայի գների բարձրացման հարց առաջ կգա: Այս ամենի հետևանքով կթանկանա ջերմոցային արտադրանքը: Թանկացում կլինի նաև տրանսպորտի պարագայում, քանի որ հսկայական մասը գազով է աշխատում: Կբարձրանան նաև բեռնափոխադրման ծառայությունների գները: Մենք գործ ունենք մի ամբողջական շղթայի հետ: Այս ամենը տնտեսության բոլոր ճյուղերին է հարվածելու: Գազի գնի բարձրացման այս տարբերակը վատագույնն է, բայց ներկա իշխանությունների պարագայում այլ տարբերակ դժվար էր սպասել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր