211652_close_icon
views-count1074 դիտում article-date 11:52 26-01-2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Լյուքսեմբուրգի համալսարան

Հունվարի 25-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի համալսարանի ռեկտոր Ստեֆան Պալաժի ուղեկցությամբ շրջայց է կատարել Լյուքսեմբուրգի համալսարանում և ծանոթացել հաստատության հետազոտական և կրթական ծրագրերին։ Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության և դասախոսական անձնակազմի հետ։

Անդրադառնալով երկու երկրների միջև գիտակրթական ոլորտում փոխգործակցությանը՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ այն երկկողմ օրակարգի կարևոր ուղղություն է, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության կառավարության և Լյուքսեմբուրգի կառավարության միջև մշակույթի, կրթության, երիտասարդության և գիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրում։

«Հիմնադրման օրվանից տասնյակ հայ ուսանողներ կրթություն են ստացել Լյուքսեմբուրգի համալսարանում, և շարունակաբար ավելանում է այս հաստատությունում ուսանելու պատրաստակամություն հայտնող Հայաստանի քաղաքացիների թիվը։ Հուսով եմ, որ Երևանի պետական համալսարանի և Լյուքսեմբուրգի համալսարանի միջև ընթացող բանակցությունների արդյունքում կստորագրվի համագործակցության մասին փաստաթուղթ, որն իրավական հիմքեր կապահովի ուսանողների փոխանակման և համատեղ հետազոտական ծրագրերի համար»,- նշել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

ԱԳ նախարարն իր գոհունակությունն է հայտնել նաև համալսարանի տարածքում ԹՈՒՄՈ ստեղծարար կրթության կենտրոնի հյուրընկալման նախաձեռնության առչնությամբ՝ երախտագիտություն հայտնելով Լյուքսեմբուրգի համալսարանին` նախագիծն առաջ մղելու վճռկանության համար: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ԹՈՒՄՈ կենտրոնի բացումը կլինի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի նշանակալի իրադարձություններից մեկը։

Նմանատիպ նյութեր