211652_close_icon
views-count1295 դիտում article-date 14:06 28-01-2022

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Եռաբլուրում աղոթեց հերոսների հոգիների հանգստության համար

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Բանակի օրվա կապակցությամբ եկեղեցու միաբան հայրերի հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու և նրանց հոգիների հանգստության համար իր աղոթքն առ Աստված բարձրացնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին նա հայտնել է լրագրողներին՝ խոսելով Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի մասին:

«Այսօր Բանակի օրն է, նաև Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը, և մենք միաբան մեր հայրերի հետ բարձրացանք այստեղ, որպեսզի մեր աղոթքը առ Աստված բարձրացնենք մեր քաջարի զավակների հոգիների հանգստության համար, ինչպես նաև հայցենք, որ Տերը օրհնի մեր ժողովրդի կյանքը՝ ապրելու խաղաղության և ապահովության պայմաններում, ապրելու արարողական, ստեղծագործական կյանքով, բարօրության մեջ: Նաև մեր հայցը առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի Տիրոջ օրհնությամբ զորանա Հայոց բանակը և պաշտպանի խաղաղ, անվտանգ կյանքը մեր երկրի և ժողովրդի: Թող Տերը օգնական ու պահապան լինի հայոց ազգին՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս»,- ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նմանատիպ նյութեր