211652_close_icon
views-count28992 դիտում article-date 21:50 03-02-2022

«Չոլերի» մեջ, սոված-ծարավ անցկացրել է ցրտին․ խոստացել են՝ նույն զորամաս չեն տանի․ Կապանի զորամասն ինքնակամ լքած Վլե Ֆերոյանը տանն է

Կապանի զորամասն ինքնակամ լքած նորակոչիկ Վլե Ֆերոյանը կապ էր հաստատել հարազատների հետ, այժմ տանն է։ Այս մասին Tert.am-ին հայտնեց զինվորի տատիկը՝ Ռոզա Ֆերոյանը։

Նա նշեց, որ թոռն այս ընթացքում Կապանին հարակից գյուղերում է անցկացրել։ «Մոտեցել է մարդկանց, հեռախոս խնդրել, զանգել է ինձ, տաքսի է նստել, եկել տուն, դիմավորել ենք։ Տեղեկացրել ենք, որ արդեն տանն է»,-ասաց նա՝ նշելով, որ վաղը Վլե Ֆերոյանը կներկայանա Ռազմական ոստիկանություն։

Ռոզա Ֆերանյանը նշեց, որ կարևոր պայման են դրել՝ զինվորը չպետք է վերադառնա Կապանի նույն զորամաս, հակառակ դեպքում կարող են նորից տանջել նրան։ «Ինքը խնդիր չի տեսնում, անպայման հետ է գնալու ծառայության, կարևորը՝ այլ զորամաս լինի, խոստացել են, որ այդ զորամաս չեն տանի»,-ասաց Ռոզա ֆերոյանը։

Անդրադառնալով առողջական վիճակին՝ զինվորի տատիկը նշեց, որ նա ոտքերի վնասվածքներ ունի։ «Տրամադրությունն էլ ոնց պետք է լինի՝ «չոլերի» մեջ, սոված-ծարավ, ցրտին»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին բանակ զորակոչված ազգությամբ եզդի Վլե Ֆերոյանի հարազատները ահազանգել էին, որ իրենց ազգականին դաժան ծեծի են ենթարկել, ստիպել մաքրել զուգարանները, նշել են, որ Կապանի զորամասի հրամանատարական կազմը նսեմացրել և ծեծի է ենթարկել Ֆերոյանին, որից հետո զինվորը դիմել է փախուստի։

Նմանատիպ նյութեր